ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ ՊԵտրոսյանը նոյեմբերի 5-ին ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖԻ Նյու Յորքի գրասենյակի սոցիալական պաշտպանության բաժնի ներկայացուցիչ Կատալինա Գոմեսին:
Նախարարի տեղակալը հանդիպման ընթացքում տիկին Կատալինա Գոմեսին է ներկայացրել համալիր սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման նպատակը, ներկայիս գործընթացներն ու իրականացվող աշխատանքները:
«Համակարգի ներդրման կարևորագույն խնդիրը սոցիալական աշխատողի և սոցիալական աշխատանքի ինստիտուտի ընկալման արմատավորումն է ոչ միայն սոցիալական ոլորտի աշխատակիցների, այլև՝ հասարակության գիտակցության մեջ: Որակյալ, հասանելի ծառայություն մատուցելու համար պետք է համակողմանի գնահատվի ընտանիքի, այլ ոչ թե անհատի կարիքները»,-նշել է պարոն Պետրոսյանը:
Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է նաև սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, հոգեբանական, մանկավարժական, իրավաբանական գիտելիքներով հագեցած վերապատրաստումները, որոնք պարբերաբար իրականացվում են:
«Այսօր Հայաստանում գործում է համալիր սոցիալական ծառայությունների 19 կենտրոն, որտեղ մեկ պատուհանի սկզբունքով անձին մատուցվում են բազմաթիվ սոցիալական ծառայություններ: Շուրջ 5 տարվա աշխատանքների արդյունքում ունենք լիովին վերանորոգված հաստատություններ, տեխնիկապես վերազինված և բազմաթիվ վերապատրաստումներ անցած աշխատակիցներ»,-ընդգծել է նախարարի տեղակալը:
Շնորհակալություն հայտնելով ընձեռած հնարավորության և բովանդակալից ներկայացման համար՝ տիկին Գոմեսն իր հերթին նշել է, որ Հայաստանի, ինչպես նաև Նյու Յորքյան գրասենյակի կողմից ընտրված 5 երկրների սոցիալական պաշտպանության ոլորտում ունեցած փորձի ուսումնասիրության նպատակը մեկն է՝ հնարավորինս մեկ ամբողջական փաստաթղթում ներկայացնել յուրաքանչյուր երկրի անցած ճանապարհը, արված գործը, այնուհետև կատարել համադրություններ, մշակել մեթոդաբանություն, որն օրինակ կծառայի այլ երկրների համար: