ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ հոկտեմբերի 1-ին այցելել է Նորքի տուն-ինտերնատ:
Շնորհավորելով տատիկներին և պապիկներին տոնի կապակցությամբ՝ նախարար Արտեմ Ասատրյանը նրանց մաղթել է առողջ և երկար տարիների կյանք, միաժամանակ նշել, որ ՀՀ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում տարեցների սոցիալական խնդիրները և փորձում է ապահովել արժանապատիվ կենսապայմաններ և ապահով ծերություն:
«Կարծում եմ, յուրանչյուր ոք պետք է գնահատի մեր ավագ սերնդի ներկայացուցիչների ներդրումը մեր երկրի կայացման, մեր հասարակության զարգացման գործում: Այս օրը առիթ է ևս մեկ անգամ մեծարելու, երախտիքի խոսք ասելու և պարզապես ուրախանալու, որ դուք այսօր մեր կողքին եք և այս տոնական օրը գեղեցկացնում եք Ձեր բարի ժպիտներով»,– ասել է նախարարը:
Նախարարը նաև նշել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող տուն ինտերնատներում խնամվում են 1200 տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք և այ
դ թիվը վերջին տարիներին չի փոփոխվել. «Մենք մեր առջև նաև խնդիր ենք դրել սոցիալական աշխատողների միջոցով վերականգնել ընտանեկան կապերը, որպեսզի տուն ինտերնատներում շուրջօրյա խնամք ապահովենք ժառանգ չունեցող անօգնական վիճակում գտնվող տարեցներին»:
Այնուհետև նախարար Արտեմ Ասատրյանը ջերմ զրուցել է տատիկների և պապիկների հետ, հետաքրքվել է նրանց խնդիրներով, լսել նրանց ցանկությունները:
Տոնական օրը Նորքի տուն-ինտերնատ ավարտվել է տարեցների երգ ու պարով, տոնական սեղաններով և գեղեցիկ մաղթանքների ուղեկցությամբ:
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, նախարարի խորհրդական Նարինե Բալայանը, նախարարության այլ պաշտոնյաներ և տուն-ինտերնատի բարեկամներ:
Հոկտեմբերի 1-ին տոնական միջոցառումներ են տեղի ունեցել նաև Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում, «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկաման կենտրոնում», Գյումրու տուն-ինտերնատում: Բոլոր հաստատություններում ևս կազմակերպվել էր տոնական համերգային ծրագրեր՝ տարբեր երգի և պարի համույթների մասնակցությամբ:















