Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնն իրականացրել է 40 մասնագետի վերապատրաստում

0
272

Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը նախորդ շաբաթ իրականացրել է զբաղվածության պետական գործակալության և համալիր սոցիալական ծառայությունների մարզերի տարածքային կենտրոնների մեկական մասնագետի վերապատրաստում՝ «Աշխատանք փնտրող և գործազուրկ անձանց մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման ծառայությունների իրականացման տեխնիկաները» թեմայով: Կենտրոնի կողմից մշակված մեթոդաբանության համաձայն իրականացվել է 40 մասնագետի համապատասխան գիտելիքների և հմտությունների զարգացմանն ուղղված ինտերակտիվ դասընթացներ:

 

Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի ուսումնամեթոդական բաժնի պետ Հակոբ Թադրոսյանը և ԱՄԿ ազգային ծրագրի համակարգող Կարինե Սիմոնյանը  ողջունել են դասընթացի մասնակիցների և կարևորել վերապատրաստման անհրաժեշտությունը: Ներկայացվել են մասնագիտական ուսուցման մեթոդաբանությունը, արդյունավետ հաղորդակցման տեխնիկան: Մասնագետների վերապատրաստումն իրականացվել է ինտերակտիվ մեթոդներով, գործնական աշխատանքի, դերային և իրադարձային խաղերի համադրմամբ, ակտիվ քննարկումների ու բանավեճերի անցկացմամբ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի կայքէջը (mycareer.am), «Մասնագիտությունների մոլորակ» բաժինը, առցանց թեստային համակարգերը, մասնագիտությունների ֆիլմաշարը և այլ օգտակար առցանց ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ կլինեն մասնագետների համար:

 

ՀՀ զբաղվածության պետական գործակալության Աշխատանքի խորհրդատվության և տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը կարևորել է աշխատանք փնտրող անձանց մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման աշխատանքների կազմակերպումը զբաղվածության ծրագրերում և յուրաքանչյուր մասնագետի դերը ծրագրի իրականացման գործում:

 

Ամփոփելով վերապատրաստման ընթացքն ու արդյունքները՝ Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը երկխոսության է հրավիրել մասնակիցներին՝ քննարկելու մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման ծառայությունների իրականացման գործընթացում ակնկալվող խնդիրներն ու դժվարությունները:

 

Կենտրոնի տնօրենը խոսել է նաև համատեղ աշխատանքների և ակնկալվող արդյունքների մասին, պայմանավորվածություն ձեռք բերվել, որ Կենտրոնի մասնագետները շարունակական խորհրդատվություն իրականացնեն արդեն մարզերում՝ աշխատանքի ընթացքում աջակցելով վերապատրաստվածներին:

 

Զբաղվածության ծրագրերի շրջանակում մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման ծառայություններն այսօր արդիական են և կարևոր, քանի որ ներկայումս Զբաղվածության պետական գործակալությունում գրանցված աշխատանք փնտրող և գործազուրկ անձանց 61.2%-ը չունի մասնագիտություն, իսկ 38.8%-ն ունի մասնագիտություն, սակայն համարվում է երկարատև գործազուրկ: Ուստի, զբաղվածության ակտիվ ծրագրերում նրանց արդյունավետ ներգրավման և կայուն զբաղվածության ապահովման առաջնային խնդիրը մասնագիտության և կարիերայի մասին տեղեկատվության, խորհրդատվության, մոտիվացիայի և ինքնորոշման ծառայությունների իրականացումն է: Վերապատրաստման ծրագրի իրականացմանն աջակցել է ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը