Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք խնամքի այլընտրանքային ծառայությունները. Ա. Ասատրյան Ներկայացվել է խնամքի հաստատություններում գտնվող երեխաների կարիքների խորը գնահատումը

0
129

Նոյեմբերի  12-ին  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել  երեխաների խնամքի ու պաշտպանության կենտրոնացված հաստատություններում գտնվող երեխաների, նրանց ընտանիքների  կարիքների գնահատման վերաբերյալ  աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի, ՅՈՒՆԻՍԵՖԻ հայաստանյան գրասենյակի, «Վորլդ Վիժն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ և նախարարության աշխատակիցներ:

 

Նախարար Արտեմ Ասատրյանը կարևորել է  կատարված աշխատանքները  և հույս հայտնել, որ դրանք հետագայում առարկայական որոշումների կայացման հիմք կհանդիսանան: Բացի նպատակից՝ նախարարը խնամքի հաստատությունների բեռնաթափման խնդիրը,  համարել է կանխարգելման միջոց: «Հաստատություններում երեխաների հայտնվելու պատճառների  մասին առաջին անգամ չէ, որ տեղեկանում ենք, սակայն, մյուս կողմից, այդ պատճառները պետք է կարողանանք վերացնել և հասկանալ դրանց  մասշտաբները:  Ես կարծում եմ, որ այս փուլում  կարևոր է առաջնորդվել առարկայական միջոցառումների ծրագրերով, որպեսզի հասկանանք այն բազմաբնույթ խնդիրները, որոնք կան երեխայի՝ հաստատությունում հայտնվելու պատճառների մեջ»,-նշել է նախարար Արտեմ Ասատրյանը:

 

ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի  տնօրեն Տանյա Ռադոչայն իր հերթին  գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարությանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը երեխաների  խնամքի համակարգում նման կարևորագույն բարեփոխում նախաձեռնելու և ակտիվ աշխատանքներ իրականացնելու համար: Միաժամանակ ընդգծել է, որ  տարբեր հետազոտություններով ապացուցվել է, որ խնամքի հաստատությունը լավագույն վայրը չէ երեխայի խնամքի զարգացման համար և ինստիտուցիոնալ խնամքը պետք  է լինի ամենավերջին լուծումը:

 

Աշխատանքային հանդիպման ընթացքում ներկայացվել է «ՀՀ երեխաների խնամքի ու պաշտպանության կենտրոնացված մեծ հաստատություններում գտնվող երեխաների, նրանց ընտանիքների կարիքների, այդ երեխաների ծագման  համայնքների  սոցիալական խնդիրների, սոցիալական պաշտպանության ենթակառուցվածքների վիճակի ու հնարավորությունների խորը գնահատումը», որի նպատակը  խնամքի հաստատություներում գտնվող երեխաների և նրանց կենսաբանական ընտանիքների սոցիալական կարիքների գնահատումն է:

 

Ըստ նախարարի՝  այն խնդիրները, որոնք արձանագրվել են  խորքային գնահատման արդյունքում, պետք է լուծել  համալիր միջոցառումների և հստակ ծրագրերի միջոցով. «Դա նշանակում է, որ մենք պետք է լուծենք ոչ միայն  հաստատություններում փաստացի գտնվող երեխաների խնդիրը, այլ, ընդհանրապես,  խնդիրը որպես այդպիսին:  Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք խնամքի այլընտրանքային ծառայությունները»:

 

Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին աջակցում են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և ոլորտում գործող այլ միջազգային կազմակերպություններ: