Հուլիսի 1-ից կբարձրանան զինվորական կենսաթոշակների չափերը

0
117

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի  ներկայացմամբ ՀՀ կառավարության 10.06.2015թ. նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշումը,  ըստ որի հուլիսի 1-ից կավելանան զինվորական կենսաթոշակները (նախորդ անգամ բարձրացել էին 2014թ. հուլիսի 1-ից):

Հուլիսի 1-ից զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կսահմանվի 16000 դրամ` նախկին 14000 դրամի փոխարեն, իսկ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` 1500 դրամ` 1300 դրամի փոխարեն:

Կենսաթոշակի չափի ավելացումը կախված է զինվորական ծառայության ստաժից և զբաղեցրած վերջին պաշտոնի համար օրենքով սահմանված գործակցից:

Արդյունքում, օրինակ` 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող կենսաթոշակառուի կենսաթոշակը, ում վերջին պաշտոնի համար օրենքով սահմանված գործակիցը 6 է, 110000 դրամից (14000×6+20×1300) կդառնա 126000 դրամ (16000×6+20×1500):

Ընդհանուր առմամբ, ըստ հաշվարկների, սպայական անձնակազմի զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 89953 դրամ՝ 78909 դրամի փոխարեն (աճը՝ 14.0 տոկոս):

Հուլիսի 1-ից կավելանան նաև`

1)   պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`

–   առաջին խմբի հաշմանդամի համար՝ 36000 դրամ (31500 դրամի փոխարեն),

–  երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 26000 դրամ (23100 դրամի փոխարեն),

–  երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 18000 դրամ (15750 դրամի փոխարեն),

2)   պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի`

–   կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը`  24000 դրամ (21000 դրամի փոխարեն),

–  երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 80000 դրամ (70000 դրամի փոխարեն):

Հարկ է նշել, որ զինվորական կենսաթոշակների ավելացման համար անհրաժեշտ միջոցները կձևավորվեն ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների, ինչպես նաև ներքին խնայողությունների հաշվին` սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված չափաքանակների շրջանակներում: Վերջին տարիներին կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվության փոխանակման  ընթացակարգերի  կատարելագործումը  նվազագույնի են հասցնում կոռուպցիոն ռիսկերը, պատահական և միտումնավոր սխալների հավանականությունը: Արդյունքում, բարձրանում է վճարումների հասցեականությունը` հնարավորություն ստեղծելով  խնայել բյուջետային միջոցներ, որոնք էլ ուղղվում են կենսաթոշակների բարձրացմանը: