Իրականացվող բարեփոխումների գլխավոր նպատակն է բարձրացնել հաշմանդամության սահմանման գործընթացի օբյեկտիվությունը. Ջ. Բաղդասարյան

0
117

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը հունիսի 16-ին մասնակցել է «Հաշմանդամության սահմանումը Հայաստանում. Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության ԱՀԿ միջազգային դասակարգման կիրառումը» խորագրով քննարկմանը:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին և կարևորելով նմանատիպ քննարկումները` նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը նշել է. «Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում, որպես գերակա խնդիր ամրագրվել է անձի բազմակողմանի գնահատման ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների հիման վրա հաշմանդամության սահմանման նոր մոդելի հենքի ստեղծումը: Նոր մոդելի կարևորագույն սկզբունքը անձին գնահատել ըստ իր պահպանված կարողությունների և ստեղծել պայմաններ ինքնադրսևորման համար: Համոզված եմ, որ իրականացվող գործընթացը կնպաստի առավել օբյեկտիվ ու նպատակային ծառայությունների մատուցմանը, պետության ռեսուրսների օգտագործման արդյունավետությանը»:

Շվեդիայի Յոնքոպինգ համալսարանի փորձագետ Ռունե Սիմեոնսոնը հանդիպման ընթացքում ներկայացրել է հաշմանդամության սահմանման նոր մոդելի ու համակարգի սկզբունքները, մոտեցումները, փորձարկման ու կիրառելիության խնդիրները: Ըստ փորձագետի` անձի բազմակողմանի գնահատումը համապարփակ տեղեկատվություն է մարդու ֆունկցիոնալության մասին, դասակարգումն ու ստեղծված չափորոշիչները հիմնված են ոչ թե ախտորոշման, այլ կարողությունների գնահատման վրա:

Վերանայելով հաշմանդամության սահմանման չափանիշները` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «Անձի բազմակողմանի գնահատման` Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման» հայեցակարգը, որն 2014թ. հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից:

Իրականացվող բարեփոխումների գլխավոր նպատակն է բարձրացնել հաշմանդամության սահմանման գործընթացի օբյեկտիվությունը, հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների որակն ու հասցեականությունը: Հաշմանդամության սահմանման նոր չափանիշները ուղղված են անձի կարիքների բազմակողմանի գնահատմանը, անհատական կարողություններին և կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների տրամադրմանը: Այն ապահովելու է լիարժեք գործունեություն և մասնակցություն հասարակական կյանքի գործընթացներին:

Հանդիպումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ, որին մասնակցում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: