ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 12-ին պարգևատրել է Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնի աշխատակիցներին: Առիթը՝ կենտրոնի գործունեության 15-ամյակն էր:
Նախարարը նախ շնորհավորել է կենտրոնի աշխատակիցներին և կարևորել այդ պատասխանատու գործում նրանց ցուցաբերած մեծ եռանդն ու նվիրումը: Շնորհակալություն հայտնելով կենտրոնի սոցիալական աշխատողներին՝ նախարարը մաղթել է աշխատանքային հաջողություններ, մասնագիտական նոր ձեռքբերումներ և լավատեսություն:
Կենտրոնի գործունեության 15-ամյակի կապակցությամբ և երկարատև, բարեխիղճ աշխատանքի համար նախարար Արտեմ Ասատրյանը ոսկե մեդալով պարգևատրել է Կենտրոնի տնօրեն Լիլիթ Աղաջանյանին, իսկ մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են պատվոգրերով և շնորհակալագրերով սոցիալական սպասարկման կենտրոնում երկարամյա և անբասիր աշխատանքի, ինչպես նաև աշխատանքային գործունեության ընթացքում հանդես բերած նշանակալի ավանդի համար:
«Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծման 15-ամյակի կապակցությամբ շնորհակալագրեր և հուշանվերներ են հանձնվել Կենտրոնի հետ տարիներ շարունակ համագործակցող, սպասարկվողների խնդիրներին աջակցող և սատարող մի շարք նվիրյալների: Մասնավորապես՝ շնորհակալագրեր և հուշանվերներ են հանձնվել Երևանի քաղաքապետին և փոխքաղաքապետին, «Գրիգոր Լուսավորիչ», «Արթմեդ», «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոններին, ինչպես նաև այլ կազմակերպություններում աշխատող մի շարք բժիշկներին, Երևան քաղաքի վարչական շրջանների, ինչպես նաև սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների աշխատակիցներին: