Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալական ապահովության խնդիրները

0
144

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը նոյեմբերի 19-ին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալական ապահովության, կենսաթոշակային համակարգի, բժշկական օգնության և մասնագիտական գործունեության հարցերով զբաղվող խորհրդակցական կոմիտեի առաջին նիստի աշխատանքներին: Օրակարգում ներառված էին ԵՏՄ անդամ պետությունների կենսաթոշակային ապահովության, առողջապահության, կրթության, զբաղվածության և աշխատանքի պայմանների անվտանգության հարցերը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի անունից ողջունելով նիստի մասնակիցներին՝ տիկին Բաղդասարյանը մաղթել է կառուցողական ու արդյունավետ աշխատանք: «Կոմիտեի գլխավոր նպատակը սոցիալական պաշտպանության ոլորտում միասնական քաղաքականության, օրենսդրական ու տեղեկատվական դաշտի ապահովումն է: Պետք է ընդունել այնպիսի կանոններ, որոնք ուղղված կլինեն արդյունավետ համագործակցության զարգացմանը: Այսօրվա մեր հարցերի շրջանակը ներառում է գրեթե բոլոր խնդիրները: Վստահ եմ, որ քննարկման արդյունքում առաջարկվող լուծումներն ընդունելի կլինեն անդամ պետությունների կողմից և միևնույն ժամանակ ուղղված կլինեն փոխշահավետ ինտեգրացման զարգացմանը»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

Կոմիտեի նախագահ Թիմուր Սուլեյմենովն իր հերթին  շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատվիրակությանը ջերմ հյուրընկալության, գործնական ու կառուցողական առաջարկներով հանդես գալու նախաձեռնության համար: «Ելնելով այն բանից, որ ԵՏՄ համաձայնագրում մշակվել են մի շարք նոր դրույթներ, փոխադարձ պարտավորություններ, քաղաքացիական իրավունքներ՝ անհրաժեշտություն առաջացավ ստեղծելու մի հարթակ, որը կապահովի անդամ պետությունների լիարժեք համագործակցությունը: Մեր քննարկման հիմնական նպատակն է մշակել առաջարկությունների ամբողջական փաթեթ, որը հետագայում ուղեցույց կդառնա ինտեգրման գործընթացի զարգացման համար»,-իր խոսքում նշել է Թիմուր Սուլեյմենովը:

Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի հանրապետությունների պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց երկրներում առկա իրավիճակը, օրենսդրական դաշտն ու մատուցվող ծառայությունների իրավակարգավորումները: ԵՏՄ համաձայնագրում ներկայացված նոր սահմանափակումների և դրույթների վերաբերյալ մասնակիցների կողմից հնչել են նոր առաջարկներ, մոտեցումներ ու դիտարկումներ:

 

Կոմիտեի հաջորդ նիստը տեղի կունենա 2016 թվականի մարտին, Ղրղզստանի հանրապետությունում: