ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Խարբերդի և Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատների սաները, սահմանափակ կարողություններ ու հատուկ կարիքներ ունեցող երեխաները հունիսի 6-ին մասնակցել են Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում կազմակերպված «Ծնողների օր» խորագիրը կրող միջոցառմանը:
Հատուկ կարիքներով երեխաները միջոցառմանը ներկայացել են թատերական բեմադրություններով, երգ ու պարով, ձեռքի աշխատանքներով: Նրանց ինքնատիպ կատարումները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ համապատասխան պայմանները կարող են նպաստել նրանց ներուժի բացահայտմանը:
Շնորհակալություն հայտնելով գեղեցիկ նախաձեռնության համար` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը նշեց. «Համոզված եմ, որ այս միջոցառումը իրականացել է բացառապես բարի սրտի և բարի կամքի շնորհիվ: Անձին, ընտանիքին մատուցվող ցանկացած ծառայություն պետք է մոտեցնել համայնքին: Նախարարության որդեգրած քաղաքականության հիմնական տեսլականներից մեկը համայնքներում երեխաներին մատուցվող ծառայությունների համաչափ զարգացումն է, և մեր կողմից խրախուսվում է ցանկացած նմանատիպ ձեռնարկ, որի կենտրոնում երեխան է և ընտանիքը: Ընտանիքը, որը ունի հաշմանդամություն ունեցող երեխա, չպետք է իր երեխային մեկուսացնի հասարակությունից, զրկի նրան ծառայություններ ստանալու և ինքնադրսևորվելու հնարավորությունից»:
Միջոցառումը կազմակերպել էր «Ձեզ համար» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից: