Ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրմամբ փոփոխություն ենք մտցնում սոցիալական պաշտպանության համակարգի ողջ տրամաբանության մեջ. Ա. Ասատրյան

0
150

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ 19 hամալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ղեկավարների հետ:

Նախարարը ընդգծելով  ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման խիստ անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը՝ նշեց. «Մենք պետք է նկատի ունենանք, որ այս կենտրոնների ներդրմամբ  միևնույն ժամանակ փոփոխություն ենք մտցնում սոցիալական պաշտպանության համակարգի ողջ տրամաբանության մեջ: Անցումը քաղաքացուն գումար նշանակելու տրամաբանությունից՝ նրա խնդիրներին արմատական լուծումներ տալու համակարգին,  ինտեգրված սոցիալական ծառայությունների ողջ էությունն է »:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին միասնական ընդունարանների գործարկմանը, դիմումի ընդունման մեխանիզմներին, դիմում ընդունողի հիմնական պարտականություններին վերաբերող հարցեր:

Նախարարը իր խոսքում կոչ արեց կենտրոնների ղեկավարներին ոչ մի ջանք չխնայել  սոցիալական խնդրով կենտրոն դիմած քաղաքացուն պատշաճ մակարդակի ծառայություն մատուցելու, նրա խնդրին մինչև վերջ հետամուտ լինելու և առավելագույն արդյունավետ լուծումներ գտնելու հարցում:

«Քաղաքացիների համար որակյալ սոցիալական ծառայություների տրամադրումը համալիր սոցիալական ծառայությունների  միջոցով ապահովելու համար այստեղ ներկա գտնվողներից յուրաքանչյուրը, ինձանից սկսած, կրելու է անձնական պատասխանատվություն»,-իր խոսքը եզրափակեց  նախարար Արտեմ Ասատրյանը:

Դիմումների ընդունման միասնական տեղակատվական համակարգի վերաբերյալ ելույթներով հանդես եկան նաև Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանը և պետի առաջի տեղակալ Սմբատ Սաիյանը: