Ինչպես է 25-ամյա անկախ Հայաստանը լուծում սոցիալական խնդիրները

0
125

Անկախ Հայաստանի Հանրապետության 25 տարիները դժվար, հետաքրքիր եւ առանձնահատուկ էին նաեւ մեր երկրի սոցիալական պատկերի համար: Սոցիալական խնդիրների բեռի տակ կքած Հայաստանն ի՞նչ ուներ, ի՞նչ փոխվեց եւ ո՞ւր է գնում. հարցերի պատասխաններն «Իրավունքը» ստացավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ:

ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ 25 ՏԱՐԻ ԱՌԱՋ

– Նախեւառաջ շնորհավորում եմ մեր հասարակությանն այս գեղեցիկ, սպասված տոնի` անկախության 25-ամյակի առթիվ: Մենք պետք է սովորենք արժեւորել այս տոները եւ նաեւ որոշակի պարտավորություններ ստանձնել, որ հետագա տարիներին էլ ավելի լավ կաշխատենք: Անդրադառնալով այս 25 տարիներին` ասեմ, որ սոցիալական դժվար տարիներ էին, որը պայմանավորված էր մի շարք գործոններով: Առաջին պատճառը 1988 թվի երկրաշարժն էր, երբ հանրապետության 2/3-ը աղետի գոտի էր դարձել` իր բոլոր բացասական հետեւանքներով: Մարդիկ կորցրել էին բնակարան, զոհեր ունեին, երեխաները ծնողազուրկ էին դարձել, հաշմանդամություն ունեցողների թիվը կտրուկ աճել էր այդ տարածաշրջանում: Հաջորդ պատճառը տնտեսակարգի փոփոխությունն էր, որին համապատասխան փոխվում էին հասարակական հարաբերությունները, անցում էր կատարվում սոցիալիստական տնտեսութունից շուկայական հարաբերությունների: Հետո սկսվեց հողի սեփականաշնորհման գործընթացը, կոլեկտիվ եւ սովետական տնտեսությունները լուծարվեցին, իսկ արդյունքում գործազրկության մակարդակի աճ գրանցվեց, եւ տնտեսական արտաքին հարաբերությունների առումով նոր խնդիրներ առաջացան: Եվ նաեւ սոցիալական վիճակն էլ ավելի ծանրացավ պարտադրված պատերազմի պատճառով: Դրանով պայմանավորված` կար փախստականների հսկայական հոսք, իսկ արդեն պաշտպանության ժամանակ` զոհվածներ, զոհվածի ընտանիքներ, վիրավոր հաշմանդամներ: Հետագայում էլ երկիրը սոցիալական ծանր վիճակում էր` 2010-11թթ.-ի արտաքին գործոններով՝ ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված: Ընդհանրապես, բոլոր գործոններն էլ ուղղակի կամ անուղղակի ազդում են սոցիալական ոլորտի վրա, որի հետեւանքները կրել են բնակչության գրեթե բոլոր խավերը: Իսկ ծառացած խնդիրների համար պետք էր ռազմավարություն մշակել եւ համապատասխան լուծումներ գտնել:

Ի՞ՆՉ ԵՂԱՆ 25-ԱՄՅԱ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՎԱՆԴՆԵՐԸ

–Երկար քննարկումներ եղան Ազգային ժողովում, եւ խնդիր դրվեց ոչ թե վերադարձնել, այլ որոշակիորեն փոխհատուցել: Այդ ծրագիրը ներդրվել է եւ իրականացվում է սոցիալական աջակցության ծրագրերի համատեքստում, եւ այս պահին կա կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգ, որ մինչեւ 1931 թվականի դեկտեմբերին ծնվածներին փոխհատուցում են: Նախկինում եթե դիմում էին, հաշվառվում էին ընտանեկան նպաստ համակարգում, նոր էր տրվում, անցած տարի այս սահմանափակումը վերացավ, եւ մինչեւ վերոնշյալ թվի ծնվածները կարող են դիմել, ներկայացնել իրենց փաստաթղթերը եւ ընդգրկվել վճարման հերթացուցակներում: Այս հարցում որոշակի արտոնություններ տրվեց սահմանամերձ բնակավայրերում ապրողների եւ ազատամարտիկների համար, որ նրանք արտահերթ ընդգրկվեն այս ցուցակներում: Այստեղ խնդիրն այն է, որ մարդիկ հաշվառվում են, եւ քանի որ գումարները սահմանափակ են, եւ մինչեւ փաստացի իրենց փոխհատուցումը ստանում են, բավականին ժամանակահատված է անցնում` երկու-երեք ամիս: Կարող է մարդը մահանալ եւ իր իրավունքը չիրացնել: Ուսումնասիրում ենք այս ծրագրերը մեր մոնիթորինգի վարչության միջոցով եւ առաջարկություններ ենք ներկայացնում, որ հնարավորինս այնպես արվի, որպեսզի այսպիսի իրավիճակ չստեղծվի: Համենայնդեպս, պետք է ավանդների հանձնման տարեթիվը չփոխել մինչեւ հերթագրվածներն իրացնեն իրենց իրավունքը, որովհետեւ ավելի լավ է չընդգրկվել ցուցակում, հույսեր չունենալ, քան ընդգրկվել եւ չհասցնել ստանալ:

ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆ ԱՅՍՕՐ

–Այսօր իրականացվում են լուրջ սոցիալական բարեփոխումներ: Էականորեն ավելացել են սոցիալական ծրագրերը, միջազգային համագործակցությունը ավելի համակարգված է իրականացվում: Ներդրվում են ինտեգրված սոցիալական ծառայություններ, իսկ ծառայությունների մատուցման որակը բարելավվում է համալիր կենտրոնի միջոցով: Եթե նախկինում սննդի օգնություն, դրամական օգնություն էինք տալիս, ապա այսօր շեշտը դրվել է ծառայությունների մատուցման վրա: Ձեւավորվել են ինստիտուտներ, որոնք գնահատում են ընտանիքի ամբողջական կարիքները, եւ այդ կարիքներին համապատասխան մատուցվում են ծառայություններ: Այսինքն` այն մարդը, որը որեւէ ծառայության կարիք ունի` առողջապահական, կրթական, բնակարանային եւ այլն, ստանում է համապատասխան ծառայություն: Զբաղվածության ոլորտում ներդրվեցին մի քանի ծրագրեր, եւ այժմ ունենք զբաղվածության ռազմավարություն, «Զբաղվածության մասին» օրենք: Կարեւորվեցին ակտիվ զբաղվածության ծրագրերը, որոնք ապահովում են կայուն եւ ժամանակավոր զբաղվածություն: Արդյունքում, եթե 2010 թվականի դեկտեմբերին գործազրկությունը կազմում էր 27,5 տոկոս, ապա այսօր այն 17 տոկոս է: Իհարկե, զբաղվածության ոլորտի քաղաքականության արդյունքում կա նաեւ միգրացիայի ազդեցությունը եւս: Այսօր արմատական փոփոխություններ են կատարվում ձեռնարկատիրական գործունեության աջակցություն ծրագրով, որով ստանում են ֆինանսական աջակցություն: Հաշմանդամն այսօր աշխատանքի է տեղավորվում, ինչի համար աջակցություն է տրվում գործատուին, որ համապատասխան պայմանագիր կնքի, աջակցություն են ստանում նաեւ սահմանամերձ համայնքներում աշխատող բժիշկներն ու մանկավարժները: Այնպես որ, այսօր էական փոփոխություններ կան, եւ դրանք շարունակվելու են: Իսկ մեր գործունեության հիմնական մեխը մնալու է աղքատության կրճատումն ու զբաղվածության ապահովումը, որը սակայն ուղիղ կապ ունի տնտեսական աճի, նոր ստեղծվող աշխատատեղերի հետ:

ԻՐԱՎԻՃԱԿԸ` ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

– Տարիներ շարունակ այս ոլորտն ամենացավոտն էր: 1996 թվականին, երբ Կոտայքի մարզի սոցիալական պաշտպանության վարչության պետն էի, շատ լավ հիշում եմ, որ լուրջ խնդիր էր ե՛ւ աշխատավարձերի, ե՛ւ հատկապես կենսաթոշակների ժամանակին վճարումը: Կենսաթոշակների վճարումն ուշանում էր առնվազն 3-4 ամսով, էլ չեմ ասում գումարի չափի մասին: Իսկ այսօր կենսաթոշակը ստանում են հաջորդ ամսվա առաջին երեք աշխատանքային օրերին: Իհարկե, նաեւ բարձրացել է կենսաթոշակի չափը` միայն վերջին 4 տարում 10 հազար դրամով ավելացել է: Եվ այսօր միջին կենսաթոշակը կազմում է 41 հազար դրամ: Այսօր ներդրվել է էլեկտրոնային կենսաթոշակ համակարգը, որն էապես բարելավել է եւ կենսաթոշակի նշանակման ժամանակը, եւ վարչարարությունն ու կոռուպցիոն ռիսկերը: Այդ համակարգով ամեն ինչ դարձել է վերահսկելի է, թե քանիսը դիմեցին, երբ նշանակեցին, որքան նշանակեցին, ինչի հիման վրա նշանակեցին կենսաթոշակը: Եվ այս տեղեկատվությունն էլ համեմատվում է համապատասխան աշխատանքային ստաժի տեղեկատվության հետ: Այնպես որ, բավականին վերահսկելի իրավիճակ է այս ոլորտում: