ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի 2-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի կողմից նախաձեռնած Երեխաների պաշտպանության օրվան նվիրված քննարկմանը:
Հայաստանի Հանրապետությունում երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները ներկայացնելով` պարոն Ասատրյանը նշել է. «Երկրում ընտանիքի դերի և ընտանիքի ինստիտուտի զարգացումը կարևոր նախապայման է ոլորտում իրականացվող բարեփոխումների համար: Կատարվող աշխատանքներն ունեն հստակ նպատակ` կանխարգելել երեխաների հոսքը խնամքի շուրջօրյա հաստատություններ և ապահովել երեխայի ընտանիքում ապրելու իրավունքը: Նախարարությունը հստակ միջոցառումներ է իրականացնում երեխաներին մանկատներից և գիշերօթիկ խնամքի հաստատություններից ընտանիք վերադարձնելու ուղղությամբ»:
Կանանց խորհրդի կողմից առաջարկվող «Աջակցություն մանկատնից և խնամքի հաստատությունից վերադարձող երեխայի ընտանիքին» ծրագրի մասին էլ մանրամասնել է նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը: «Հուսով եմ, որ կփորձենք իրականացնել մի կարևոր ծրագիր, որը մեծ աջակցություն կլինի դժվար իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին: Հաստատություններից վերադարձող երեխաներն ու ծնողները ունեն բազմաթիվ խնդիրներ և մեծ աջակցության կարիք»,– ընդգծել է իր խոսքում տիկին Բաղդասարյանը: Ծրագրով նախատեսվում է ՀՀԿ կանանց աջակցությունը 100 ընտանիքի, որոնց երեխաները հաստատություններից կվերադառնան ընտանիք:
Ընտանիքի սոցիալական պաշտպանության ապահովման, այլընտրանքային ծառայությունների ներդրման և զարգացման, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների որդեգրման և խնամակալության հետ կապված հարցերի շուրջ մասնակիցների կողմից ներկայացվել են մի շարք առաջարկություններ:
Քննարկմանը մասնակցել են Կանանց խորհրդի անդամները, նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը, ոլորտում դերակատարում ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: