2015թ. հոկտեմբերի 8-ին, Վայոց Ձորի մարզի՝ Եղեգնաձոր քաղաքում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ, պետական բյուջեի ֆինանասվորմամբ, կազմակերպվել է հերթական աշխատանքի տոնավաճառը, որին մասնակցել է թվով 29 գործատու՝ ներկայացնելով 110 առկա և շուրջ 240 սպասվելիք թափուր աշխատատեղ:
Տոնավաճառի ընթացքում աշխատանք փնտրողներին հնարավորություն է ընձեռվել հանդիպել գործատուների, ծանոթանալու նրանց կողմից ներկայացված աշխատատեղերին: Տոնավաճառի ընթացքում ներկայացվել են նաև զբաղվածության պետական աջակցության ծրագրերը:
Վայոց Ձորի մարզում 2015թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 1773, իսկ Եղեգնաձորի տարածաշրջանում` 971 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ մարզում աճել է 50.9%-ով (1175 մարդ), Եղեգնաձորում` 85.0%-ով (525 մարդ): Մարզում գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 64.5%-ը կամ 1143 մարդ, Եղեգնաձորում` 62.8% կամ 610 մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նուն ժամանակահատվածի համեմատ մարզում աճել է 12.6 %-ով (1015 մարդ), Եղեգնաձորում՝ 34.4%-ով (454 մարդ): Մարզում շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 71.6%-ը կամ 818 մարդ, Եղեգնաձորում` 73.4% կամ 448 մարդ: Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում, մանկավարժները, ֆինանսիստները, տնտեսագետները, հաշվապահները, բուժքույրերը, վաճառողները և այլն:
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը մարզում կազմում է գործազուրկների 75.3%-ը կամ 861 մարդ, Եղեգնաձորում` 54.8%-ը կամ 334 մարդ:
Տարեսկզբից մարզում աշխատանքի է տեղավորվել 202 աշխատանք փնտրող, որից 160-ը աշխատաշուկայում անմրցունակ անձ է, Եղեգնաձորում՝ 89 աշխատանք փնտրող, որից 53-ը՝ անմրցունակ անձ:
Այս տարվա աշխատանքի վերջին տոնավաճառը կկազմակերպվի հոկտեմբերի 23-ին, Արմավիր քաղաքում: