Սիրելի մանուկներ, փոքրիկ բարեկամներ,

0
194

Շնորհավորում եմ Ձեզ՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
Շնորհավորում եմ բոլոր ծնողներին, բոլոր մարդկանց, ովքեր ցանկացած տարիքում իրենց մեջ պահում են մաքուր ու պայծառ մանկության մի հատված:

Յուրաքանչյուր հայ ընտանիք իր զավակներով է հպարտ ու երջանիկ:  Ազգը ևս հպարտ  է և ուժեղ  իր զավակներով, ու այնպես, ինչպես յուրաքանչյուր ծնող փորձում է իր երեխային տալ առավելագույնը՝  նվիրումով և անմնացորդ սիրով, պետությունը ևս ջանում է իր մանկահասակ քաղաքացիներին տալ առավելագույնը, ապահովել նրանց  զարգացման և դաստիարակության լավագույն պայմանները։ Սա առաջին հերթին պետական կառույցների ընդհանուր հոգսն է ու պատասխանատվությունը, բայց, միևնույն ժամանակ,  սա  նաև այն խնդիրն է, որը պետք է միավորի ողջ հասարակությանը: Մենք, որպես փոքր ազգ, իրավունք չունենք ունենալ հոգատարությունից ու խնամքից զրկված զավակներ, մենք չպետք է մեր շրջապատում ունենաք  անտարբերության և անուշադրության մատնված մանուկներ: Այսօր ոչ միայն երեխաների համար տոն է, այլ մեծերի համար անձնական ու  ընտանեկան շրջանակից դուրս գալու ու բոլոր երեխաների մասին մտածելու, բոլոր մանուկներին պաշտպանելու անհրաժեշտության մասին հիշելու օրն է։

Կցանկանայի շեշտել, որ երեխաներին ուղղված մեր մտահոգություններն ու երազանքները ոչ միայն զուտ ազգի բարոյականության արժեքներից բխող անհրաժեշտություն են, այլ՝ մեր պետական քաղաքականության ռազմավարության հիմքում  դրված նպատակ: Մենք ունենք  բազմաթիվ ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք ուղղված են երկրի ժողովրդագրական խնդիրների լուծմանը, ծնելիության աճին, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների կյանքի որակի բարելավմանը։ Ծրագրերը շատ են, սակայն մեծ է նաև ցանկությունը կարողանալ անել ավելին՝ մեր փոքրիկ քաղաքացիների երջանիկ մանուկությունն ապահովելու համար։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս ջերմ ու սիրառատ տոնի առթիվ. թող մեզ հաջողվի ապահովել իսկական մանկական երջանկություն ուժեղ ընտանիքներով՝  խաղաղ ու ապահով հայրենիքում: