ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ը ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամի հետ համատեղ սեպտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացում և տեղական զարգացման մեջ միգրանտների ներգրավվածության բարձրացում. դեպքի վարման բաղադրիչ» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Սոցիալական դեպքի վարման ինստիտուտի կայացման մարտահրավերների նոր լուծումներ» թեմայով սեմինար:
Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է ծրագրի նոր զարգացումները, սոցիալական դեպքի վարման տեղեկատվական ենթահամակարգի լրամշակման սկզբունքները, որոնք սոցիալական դեպքի վարման ինստիտուցիոնալ համակարգի կայացման հիմքն են հանդիսանալու:
Սոցիալական դեպքի վարման տեղեկատվական համակարգի նպատակն է բարձրացնել սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության ինքնաշխատությունը, ապահովել իրականացվող գործառույթների համակարգվածությունը, կրճատել ծախսվող ժամկետները, բարձրացնել սոցիալական դեպքի վարման ընթացքում սոցիալական աշխատողների տեղեկացվածությունը, նրանց կողմից որոշումների կայացման արդյունավետությունը, մատուցվող ծառայությունների որակն ու հասցեականությունը:
Սեմինարի ընթացքում նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը խոսել է սոցիալական դեպքի վարման քաղաքականության արդի մարտահրավերների ու զարգացման լուծումների մասին: Այնուհետև՝ Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի և Շիրակի մարզերի ծրագրի համակարգողներն ամփոփ ներկայացրել են ծրագրի շրջանակներում կատարված մեկամյա աշխատանքները: Մասնավորապես՝ այն խնդիրներն ու իրավիճակները, որոնք նույնն են եղել բոլոր չորս մարզերում իրականացված դեպքի վարման գործընթացներում: Նրանք նեկայացրել են նաև բազմաթիվ առաջարկություններ ու եզրակացություններ, հատկապես նշելով հետադարձ կապի անհրաժեշտությունն ու օպերատիվ աշխատանքի կարևորությունը նշված գործընթացում:
Սեմինարի ընթացքում կազմակերպվել են աշխատանքային ֆոկուս-խմբեր, որտեղ յուրաքանչյուր մարզի ներկայացուցիչների կողմից քննարկվել է դեպքի վարումը, ներկայացվել են աշխատանքների ընթացքում հայտնաբերված խոչընդոտներն ու խնդիրները:
Սեմինարին մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ծրագրի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի անդամները, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչները, ՀՀ Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի մարզերի սոցիալական աշխատողներն ու ծրագրի համակարգողները: