Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ «ՀՀ մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացումը 2012-2015 թվականներին» խորագրով աշխատաժողով, որի նպատակն էր ամփոփել հանրապետությունում մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման ու զարգացման ուղղությամբ եռամյա ժամանակահատվածում իրականացված աշխատանքները և սահմանելու հետագա գործողությունները:
Աշխատաժողովը նախագահում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ով իր բացման խոսքում բարձր գնահատեց մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման դերը կրթության և աշխատաշուկայի միջև կապերի հավասարակշռման գործում: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Եվրոպական կրթական հիմնադրամի պատասխանատու Հելմուտ Ցելոթը: Նա ներկայացրեց մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման միջազգային փորձը և հաստատեց, որ համակարգի կայուն հաստատման համար ընդամենը ժամանակ է հարկավոր, քանզի առաջին քայլերը Հայաստանում արդեն արված են:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը ներկայացրեց զբաղվածության 2013-2018 թթ. ռազմավարության և ՀՀ մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման հայեցակարգով նախանշված մարտահրավերները: Ամփոփվեցին կատարված աշխատանքները և ներկայացվեցին այն հիմնական քայլերն ու ծրագրերը, որոնք կիրականացվեն արդեն նոր մոտեցումներով:
Հայաստանում մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման հայեցակարգի շրջանակներում 2013-2015 թթ. իրականացված միջոցառումներն ու դրանց արդյունքները, կենտրոնի ձեռքբերումներն ու հաջողությունները ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը:
Ներկայացումներից հետո գործընկերների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ծավալվեց բաց քննարկում՝ ընթացիկ միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու, առավել ակտիվ գործակցելու, հետագա միջոցառումները պլանավորելու ուղղությամբ: Մասնավորապես, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ձեռքբերումների, կարիերայի կենտրոնների ստեղծման, պատասխանատուների կարողությունների զարգացման մասին խոսեց ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ՆՄԿՈւ վարչության ՄԿՈՒ քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմենուհի Պողոսյանը: Քննարկման ընթացքում հնչեցին նաև առաջարկություններ:
Վերջում, ամփոփելով աշխատաժողովի աշխատանքներ, նախանշվեցին արդեն 2016-2018թթ. ռազմավարական մոտեցումները: