ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ սեպտեմբերի 1-ին այցելել է Երեխաների խնամքի և պաշտպանության Երևանի թիվ 2 գիշերօթիկ հաստատություն:
Նախարար Արտեմ Ասատրյանը շնորհավորել է երեխաներին Գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթել հաջողություններ ուսման մեջ և կարևորել կրթության ու գիտության դերը երկրի զարգացման գործում:
«Շնորհավորում եմ գիտելիքի օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ առաջին հերթին լինեք մեր երկրի, մեր հայրենիքի լավ քաղաքացիներ, զավակներ, քանի որ մենք այսօր կարիք ունենք, որ մեր սերունդը լավ կրթվի ու լավ դաստիարակվի՝ դառնալով մեր հզոր պետության արժանի քաղաքացիներ: Ձեզնից պահանջվում է, որ դուք լավ սովորեք, ձեր գիտելիքները հարստացնեք և դառնաք մեր երկրի արժանավոր զավակներ: Կրկին շնորհավորում եմ գիտելիքի օրվա կապակցությամբ և ցանկանում հաջողություններ»,- ասել է նախարարը և երեխաներին հանձնել դպրոցական պայուսակներ` գրենական պիտույքներով:
Երեխաների հետ հանդիպման ժամանակ նախարարը հիշել է նաև իր դպրոցական տարիները: Սիրել էր բոլոր առարկաները, դպրոցն ավարտել է ոսկե մեդալով: Դպրոցական տարիներից մի հետաքրքիր դեպք է հիշել. «Բացի դասերին հաճախելուց, դպրոցական տարիքում ֆուտբոլ էի պարապում: Միշտ առաջանում էր ժամի խնդիր և չէի մնում երկարօրյա դասերին, քանի որ պետք է ֆուտբոլի պարապմունքին գնայի: Հիշում եմ՝ մի անգամ դասղեկս բավականին բարկացել էր, որ չեմ մնում դասապատրաստմանը և դպրոցից եկել էր մեր տուն բողոքելու: Երբ տուն մտավ, այդ պահին ես դասերս էի պատրաստում, ու թեև նա բարկացած էր, բայց ոչինչ չասաց և գնաց, քանի որ ես արդեն դասերովս էի զբաղված»:
Նախարար Արտեմ Ասատրյանը շրջել է նաև խնամքի հաստատությունում, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին:
Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող խնամքի կենտրոնը մեկն է հանրապետությունում գործող 7 նմանատիպ հաստատություններից, որտեղ խնամվում է 60 երեխա: Խնամքի կենտրոնի խնդիրը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների շուրջօրյա խնամքի կազմակերպումն է: Երեխաները հաճախում են հանրակրթական դպրոցներ: Երկուշաբթիից ուրբաթ շուրջօրյա խնամք է իրականացվում, երեխաները մասնակցում են տարբեր խմբակների, ժամանակն արդյունավետ կազմակերպելու հնարավորություն ունեն: Իսկ արդեն հանգստյան օրերին և ամառային շրջանում նրանք մեկնում են ընտանիքներ:
Արտեմ Ասատրյանը նշել է, որ պետական քաղաքականությունը միտված է նրան, որ բոլոր երեխաները խնամվեն ընտանիքներում: «Աշխատանքները պետք է ճիշտ կազմակերպել, որպեսզի այս հաստատությունում խնամվող երեխաները որևէ դժվարություն չունենան և նրանց համար այսօրվա սեպտեմբերի մեկը չտարբերվի այն երեխաների սեպտեմբերի մեկից, ովքեր գտնվում են ընտանիքներում: Պետության կողմից արվում է առավելագույնը, որպեսզի նմանատիպ հաստատություններում սոցիալապես անապահով ընտանիքներում գտնվող երեխաները օգտվեն կրթական և այլ ծառայություններից, որոնք մատուցվում են մեր երկրում»,-ասել է նախարարը:
Նախարարին այցի ընթացքում ուղեկցել են Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը, ընտանիքի, կանանց և երեխաների վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը: