Սոցիալական պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումների և սոցիալական ծառայությունների բարելավման շրջանակներում կստեղծվի IBM գերազանցության տարածաշրջանային կենտրոն:
Կենտրոնի ստեղծմամբ կձևավորվի սոցիալական ծառայությունների միասնական էլեկտրոնային հարթակ, որտեղ տեղեկատվական համակարգերը կգործեն մեկ միասնական տեխնոլոգիական միջավայրում, ինչը տվյալների միասնական բազայի համար կապահովի դրանց համատեղելիությունը:
«Այդ նպատակով ԱՄՆ կառավարության աջակցությամբ 2014թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը IBM կորպորացիայի հետ ստորագրել է հուշագիր, որով IBM «ԿՈՒՌԱՄ» համակարգի հիման վրա նախտաեսվում է ՀՀ-ում ստեղծել գերազանցության տարածաշրջանային կենտրոն: Դա թույլ կտա ոչ ﬕայն համակարգեր ստեղծել ծառայությունների հետագա ավտոմատացման համար, այլև դրանք արտահանել այլ երկրներ»,- ՀՀ կառավարության 02.09.2016թ. նիստում նախագիծը ներկայացնելիս ընդգծել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա նախատեսվում է IBM գերազանցության տարածաշրջանային կենտրոնը ձևավորել «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի հիման վրա:
IBM ընկերությունը սոցիալական ոլորտի տեխնոլոգիական լուծումների համաշխարհային առաջատարներից է: IBM «ԿՈՒՌԱՄ» սոցիալական ծառայությունների համակարգի միջոցով ներկայում առաջնակարգ ծառայություններ են մատուցվում Կանադայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Իռլանդիայում և եվրոպական այլ երկրներում: