ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 02.09.2016թ. նիստում ընդունվել է «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին գույք հանձնելու և «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին ՀՀ որոշման նախագիծը:
Նախագծով նախատեսվում է թույլատրել «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ին, Երևանի Կարապետ Ուլնեցի 68 հասցեում գտնվող՝ բաժնային սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.11 հեկտար հողատարածքը և սեփականության իրավունքով իրեն պատկանող 1544.7 քառ. մետր (որից 1.3 քառ. մետր պարիսպ) ընդհանուր մակերեսով անշարժ գույքը ինչպես նաև նյութական և ոչ նյութական ակտիվները անհատույց օտարել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:
«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ն իրականացնում է սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական համակարգերի վարումը, սպասարկումն ու շահագործումը, ինչպես նաև՝ զարգացումը:
Նախագծով «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն ՓԲԸ-ի գործառույթները վերապահվում են ՀՀ կառավարության կողմից հիմնադրված՝ «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին, սեփականության իրավունքով:
«Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող անշարժ գույքն անհատույց օտարվում է պետությանը և անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ հանձնվում է «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին:
Նախագծի իրականացմամբ կապահովվի սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական համակարգերի վարման, սպասարկման ու շահագործման աշխատանքների շարունակականությունը: