ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը 23.07.2015թ. ՀՀ կառավարության հերթական նիստին ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը): Նախագծով ներկայացված առաջարկությունները նպատակ են հետապնդում կարգավորել իրավակիրառական պրակտիկայում առաջ եկած որոշ խնդիրներ:
Նախագծով մասնավորապես առաջարկվում է`
- Որոշման նախագծով առաջարկվում է <<Դատական դպրոց>> և <<Դատախազության դպրոց>> ՊՈԱԿ-ների իրավահաջորդ հանդիսացող <<Արդարադատության ակադեմիա>> ՊՈԱԿ-ի աշխատողների սոցիալական փաթեթի իրավունքը պահպանել,
- Որոշմամբ սահմանել Պայմանագրի լուծման դեպքում բանկի կողմից սոցփաթեթի հաշիվների սպասարկման ընթացակարգը, ինչպես նաև` սոցփաթեթի շահառուների հաշիվներին փոխանցումներ կատարելու պետական հիմնարկների պարտավորությունը,
- Հստակեցնել որոշման 8.1-ին կետը` սահմանելով, որ սոցփաթեթի տվյալ բյուջետային տարվա համար նախատեսված գումարները շահառուի հաշվին միանվագ է փոխանցվում նրա` ամենամյա արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում (հաշվի է առնվում ամենամյա արձակուրդի հիմնական նպատակը` աշխատողին տրամադրվում է հանգստանալու և աշխատանքային ունակությունը վերականգնելու համար)
- Հստակեցնել բանկերի և հարկային մարմնի միջև` շահառուի աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից փաստացի մասնակիցների ռեեստր վարողին փոխանցված սոցիալական վճարների չափի մասին տեղեկատվության փոխանակման կարգը: