Տնային տարեց սպասարկվողները մասնակցում են տարբեր միջոցառումների

0
107

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն»-ը շարունակում է իր շահառուների համար կազմակերպել բազմաբնույթ մշակութային միջոցառումներ:

Հոկտեմբերի 1-ին, տարեցների միջազգային օրվա խորհրդին համահունչ «Վետերան» օթևանում կազմակերպվել է հանդիսավոր տոնական միջոցառում: Օթևանի բնակիչներին իրենց այցով ուրախացրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն ու  երգի և պարի փոքրիկ համույթները: Երեխաներն իրենց ազգագրական երգերով ու պարերով ուրախացրել են տարեցներին, պարգևել բազում ջերմ ու ուրախ պահեր:

Միջոցառումների շրջանակներում Էրեբունի վարչական շրջանի սպասարկվող տարեցները այցելել են Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի, այնուհետև՝ Բյուրականի աստղադիտարան, որտեղ զբոսավարի ուցեկցությամբ շրջել են աստղադիտարանի տարածքով և ծանոթացել աստղադիտարանի գործունեությանը: Շրջայցից հետո մասնակիցները հանգստացել են գեղատեսիլ բնության գրկում և բարձր տրամադրությամբ ու դրական լիցքերով վերադարձել տուն:

Հոկտեմբեր ամսին տեղի ունեցած միջոցառումների շարքին է միացել նաև «Վետերան» օթևանի բնակիչ վաստակավոր մանկավարժ, Սեյսուլանի դպրոցի երկարամյա տնօրեն Զաբելա Պետրոսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումը: Տիկին Զաբելին շնորհավորելու էին եկել  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի փոքրիկ սաները, որոնք իրենց երգերով, ասմունքով և նկարած նկարներով անմոռանալի օր են պարգևել հոբելյարին: