ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող Նորքի տուն-ինտերնատում բնակվում է 230 տարեց կենսաթոշակառու և հաշմանդամություն ունեցող անձ, ովքեր գտնվում են պետության խնամքի և հոգածության ներքո: Հաստատության աշխատակազմը ոչ միայն կազմակերպում է տարեցների ամենօրյա խնամքն ու սպասարկումը, մատուցում անհրաժեշտ ծառայություններ, այլև՝ ստեղծում ընտանեկանին մոտ միջավայր:
Տոնական օրերին կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, ասմունքի, երգ ու պարի երեկոներ, պարբերաբար այցելություններ են լինում Հայաստանի մշակութային և տեսարժան վայրեր:
Տուն-ինտերնատի խնամվողներին են այցելում դպրոցների սաներ, վարչական շրջանների երգ ու պարի համույթների ներկայացուցիչներ՝ բնակիչներին պարգևելով սեր, ժպիտ ու ուրախ տրամադրություն:
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տուն-ինտերնատի բնակիչները այցելել են Գառնու և Գեղարդի հուշահամալիրներ, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի, Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարան և Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն:
Մեր տարեցների համար լավագույն շրջագայությունները դեպի պատմամշակութային հետաքրքիր վայրեր դեռ առջևում են: