Մեր ծերանոցներում գտնվողների թիվն այլ երկրների համեմատ բավական փոքր է. Ա. Գևորգյան

0
160

Տարեցների միջազգային օրվան ընդառաջ,«Իրավունքը» հյուրընկալել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ: Մեր ընթերցողների կողմից բարձրացված հարցերը մեծամասամբ վերաբերում էին տարեցներին մատուցվող ծառայություններին, եւ, իհարկե, առիթից օգտվելով` նախարարության ներկայացուցչին դիմեցին նաեւ սոցիալական տարբեր խնդիրներով:

 

 

«ԾԵՐԱՆՈՑ ԳՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՆՐԱ ՈՐԵՎԷ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՉԻ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ»

 

– Կա՞ վիճակագրություն, թե ավելի շատ որ մարզերից են դիմում ծերանոցում տեղավորվելու համար, եւ այսօր ի՞նչ թիվ են կազմում այնտեղ գտնվող տարեցները (ՀՀ քաղաքացի):
– Եթե բնակչության ընդհանուր թվի հետ հարաբերակցության մեջ նայենք, ապա այսօր մեր ծերանոցներում գտնվողների թիվն այլ երկրների համեմատ բավական փոքր է: Մենք ունենք ընդամենը 8 ծերանոց, որտեղ ապրում է 1210 տարեց ու հաշմանդամ, այն դեպքում, երբ ՀՀ-ում 400 հազար տարեց կա: Ինչ վերաբերում է այն հարցին, թե որ մարզերից են ավելի շատ դիմում, ստույգ վիճակագրություն մենք չունենք: Բայց տարիների աշխատանքային փորձը ցույց է տվել, որ ավելի շատ դիմում են Արարատյան դաշտավայրի մարզերից, ինչը երեւի պայմանավորված է Երեւանին մոտ գտնվելու հանգամանքով կամ տվյալ մարզերի բնակչության մենթալիտետով: Իսկ, օրինակ, հեռավոր մարզերից` Սյունիքից, Շիրակից, Լոռուց, Տավուշի մարզից ավելի քիչ են դիմում:
– Ի՞նչ հիմքով են դիմում ծերանոց, որովհետեւ երբեմն լսում ենք, որ հեռավոր բարեկամները միայնակ ծերերի հետ վարվում են այնպես, ինչպես իրենք են ուզում: Արդյունքում՝ հափշտակում են տունն ու ունեցվածքը, իրեն էլ ծերանոց ուղարկում (ՏԻԿԻՆ ԳՈՀԱՐ, ք. Երեւան):
– Ծերանոցներ ընդունվում են քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա: Տվյալ անձը` կենսաթոշակառուն, դիմում է իր բնակության վայրի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն («Փարոս»), որից հետո այնտեղի սոցաշխատողը կամ դեպք վարողը տուն այց է կազմակերպում, տեսնում է նրա վիճակը, ընտանեկան հարաբերությունները, բնակարանային պայմանները եւ այլն: Նախ աշխատանք է տարվում ընտանիքի հետ, որպեսզի տարեցը չգնա ծերանոց, քանի որ կարող է րոպեական, պահի տակ արված որոշում լինի: Եթե վիճակն այնպիսին է, որ իրոք հնարավոր չէ այդ տանը ապրել, կամ թոշակառուն միայնակ է ու չի կարող ինքնուրույն ապրել, այդ դեպքում սոցծառայությունը տալիս է իր դրական եզրակացությունը: Այդ որոշումն ուղարկում են նախարարություն ու սոցծառայությունն ուղեգրում են տարեցին այնտեղ, որտեղ ազատ տեղ կա:
Նշեմ նաեւ, որ ծերանոց գնալուց հետո քաղաքացու սեփականության իրավունքը նրա որեւէ անշարժ գույքի նկատմամբ չի դադարեցվում:

«ՈՉ ՄԻ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՀԱՅՐ ԿԱՄ ՄԱՅՐ ՉԻ ԱՊՐՈՒՄ ԾԵՐԱՆՈՑՈՒՄ»

 

– Որքանո՞վ է գաղտնի պահվում ծերանոցներում գտնվող անձնանց տվյալները, որովհետեւ ժամանակ առ ժամանակ մամուլում լուրեր են հայտնվում, թե այսինչ պաշտոնյայի հայրը կամ մայրը գտնվում է ծերանոցում (ԿԱՐԻՆԵ, ք. Երեւան):
– Ես կարդացել եմ նման ֆանտաստիկ լուրեր, բայց պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօրվա դրությամբ ոչ մի բարձր պաշտոնյայի մայր կամ հայր չի ապրում ծերանոցում: Իսկ տվյալների գաղտնիությունն ապահովվում է այն չափով, որքանով այդ անձը չի ցանկանում, որ իր տվյալները բացահայտվեն:
– Սոցիալական ծանր պայմաններում առավել մե՞ծ թիվ են սկսել կազմել ծերանոցում հայտնվածները, թե` հակառակը (ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ, ք. Երեւան):
– Սոցիալական վիճակն, իսկապես, այնքան էլ բարվոք չէ, բայց որքան էլ զարմանալի թվա, ծերանոց դիմողների եւ ընդունվողների թիվը չի ավելացել: Եթե համեմատելու լինենք 1990-ական թվականների հետ, երբ մինչեւ 200 դիմումի հերթ ունեինք ¥որոնց տարիներ էր տեւում մինչեւ տեղավորում էինք ծերանոցներում¤, ապա այս պահին մեր տուն-ինտերնատներում նույնիսկ ազատ տեղեր ունենք:

Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ հանրապետությունում գործում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող չափահաս անձանց շուրջօյա խնամքի ծառայություններ տրամադրող ընդամենը մեկ հաստատություն, որը չի բավարարում առկա պահանջարկը: Ինչպիսի՞ իրավիճակ է այսօր (ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ք. Երեւան):
– Այն ժամանակ, իրոք, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի միակ հաստատությունը Վարդենիսի տուն-ինտերնատն էր: Այսօր արդեն այդ խնդիրը լուծվել է. մենք արդեն ունենք նաեւ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնը, որը գտնվում է Քանաքեռում: Հիմա այնտեղ ապրում է 120 հոգի, 450 հոգի էլ՝ Վարդենիսի կենտրոնում: Նախատեսվում է նաեւ ոչ պետական մի փոքրիկ կենտրոնի բացում:

– Այսօր ի՞նչ խնդիրներ կան ծերանոցներում, որ օր առաջ պետք է լուծել (ՏԻԿԻՆ ՇՈՒՇԱՆ, ք. Երեւան):
– Մեր ծերանոցներից որոշներն ունեն վերանորոգման կարիք: Այսօր ծերանոցի մի սենյակում ապրում է երեք կամ չորս հոգի, եւ մենք ձգտում ենք, որպեսզի սենյակները դարձնենք երկտեղանոց: Իսկ մի քիչ ավելի հետագայի համար նախատեսում ենք, որ մի սենյակում ապրի մեկ հոգի, ունենա իր առանձին լոգարանը, սանհանգույցը: Այնուհետեւ. այսօրվա չափորոշիչներով աշխատակազմից մի հոգին սպասարկում է 20 խնամվողի, բայց լավ օրերի ակնկալիքով ասեմ, որ պետք է մեկ հոգին գոնե 5 հոգու սպասարկի: Ուզում ենք հասնել այն օրվան, որ մեր տարեցները, որոնք ապրում են տուն-ինտերնատներումն ունենան ճաշացանկ եւ իրենք ընտրեն, թե այդ օրն ինչ են ցանկանում ուտել: Ուղղակի, պետք է, որ մասնավոր ներդրողներ էլ լինեն. միայն պետբյուջեի միջոցներով հնարավոր չէ այդ ամենը կյանքի կոչել: