Նախարար Արտեմ Ասատրյանը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությանն ուղղված մարաթոնին

0
103

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 25-ին  մասնակցել է  ՄԱԿ-ի աշխատակազմի օրվան նվիրված միջոցառմանը:

ՄԱԿ-ի աշխատակազմը նախաձեռնել էր  հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությանն ուղղված մափաթոն, որի նպատակը հասարակական վայրերում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության վերաբերյալ հանրային իրազեկումն է՝ մատչելի վայրերի քարտեզագրման միջոցով:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել  նախարար Արտեմ Ասատրյանը, ով մասնավորապես ասել է.

«Հարգելի  գործընկերներ,

Ջերմորեն շնորհավորում եմ  ՄԱԿ –ի աշխատակազմի օրվա  կապակցությամբ:  Այն մարդասիրական առաքելությունը, որ ՄԱԿ-ն իրականացնում  է ողջ աշխարհում և Հայաստանում,  բարձր գնահատականի է արժանի: Մաղթում եմ Ձեզ անկոտրում կամք  և հաջողություններ Ձեր դժվարին առաքելության մեջ:   

ՀՀ կառավարությունը 2016թ. հայտարարել է հավասար հնարավորությունների տարի և  մենք, մեր բոլոր գործընկերների հետ միասին  տարվա ընթացքում  իրականացրել ենք բազմաթիվ միջոցառումներ, որոնք մինչև տարեվերջ դեռ կշարունակվեն: Մենք այսօր  մեր առջև խնդիր ենք դրել ինստիտուցիոնալացնել այն բոլոր համակարգերը, որոնք թույլ կտան հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ստեղծել, քանի որ մեր գլխավոր խնդիրը  ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց  կարիքների հիման վրա  սոցիալական պաշտպանության ծրագրերն իրականացնելն է, այլ՝ հավասար հնարավորություններ ստեղծելը, հնարավորություններ, որոնք թույլ կտան այդ անձանց իրենց կենսագործունեությունն իրականացնել մեր բոլոր քաղաքացիների հետ համահավասար: Սա լրջագույն խնդիր է, և, բնականաբար  մեկ օրում լուծում չի կարող ստանալ:  

Մենք արդեն անցում ենք կատարում  հաշմանդամության սահմանման նոր մոդելի  և փորձելու ենք 2017 թվականի հունվարից անցնել փորձնական  ծրագրի իրականացմանը, կարիքների գնահատման հիման վրա հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական համապատասխան ծառայությունների տրամադրմանը: Այս համատեքստում մենք շատ լավ համագործակցում ենք մեր բոլոր գործընկերների հետ և վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքը կտա  ցանկալի արդյունքներ:

  Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել այսօրվա միջոցառման կարևորությունը և նշել, որ այն  էական ներդրում  կունենա մեր քաղաքում  հավասար և մատչելի  հնարավորություններ ապահովելու համար իրականացվող  լրջագույն գործընթացներին  զուգահեռ:

Այսօր մենք  ոչ թե կոնկրետ քարտեզ  կլրացնենք, այլ ամբողջ հասարակությանը ուղերձ կհղենք, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է իրականացնի իր կողմից հասանելիք քայլերը, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք մեր երկրում ունենան հավասար հնարավորություններ:

Հաջողություններ եմ մաղթում բոլորիս»:

Այնուհետև,   նախարար Արտեմ Ասատրյանը ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի  և ՄԱԿ աշխատակազմի հետ  միասին շրջել է  Երևանի կենտրոնական փողոցներով  և  քարտեզագրել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի վայրերն  ու փողոցները: