Զանգվածային որոշ լրատվամիջոցներում ՀՀ Շիրակի մարզի Սարատակ համայնքի նպաստի իրավունքի օրինականության վերաբերյալ հրապարակած հոդվածներում տեղ գտած տեղեկությունները ճշտելու նպատակով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Սարատակ համայնքում իրականացրել է ուսումնասիրություն:
Ուսումնասիրվել է Սարատակ համայնքի նպաստի իրավունք ունեցող 80 ընտանիքների նպաստի գործերում առկա փաստաթղթերը, ինչպես նաև կատարվեել են Սարատակ համայնքում տնային այցելություններ նպաստառու թվով 30 ընտանիքների: Այցելությունների արդյունքում փաստվել է, որ նպաստ ստացող ընտանիքները իրապես աղքատ ընտանիքներ են, վարում են անապահով կենցաղ, որոշ դեպքերում անմխիթար բնակարանային պայմաններ` չի ջեռուցվում, չունեն սան հանգույց, չկա ջրամատակարարում, հատակը բետոնապատ է և այլն: Առկա է ուսումնասիրությունների արձանագրությունները:
Համեմատության համար ներկայացվում է հետևյալ տվյալները՝
Արթիկի Սոցիալական աջակցության տարածքային գործակալության (այսուհետ՝ ՍԱՏԳ) կողմից 2016թ-ի սեպտեմբեր ամսվա դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվել և ձեռք են բերել նպաստ ստանալու իրավունք թվով 2466 ընտանիք՝ 11643 անձով, որից սոցիալական նպաստ` 399 ընտանիք: Հրատապ օգնության ցուցակներում 2016թ. երրորդ եռամսյակի համար ընդգրկված էին թվով 145 ընտանիք: Սարատակ համայնքից Անապահովության գնահատման համակարգում (այսուհետ՝ ԱԳՀ) ընդհանուր հաշվառված ընտանիքների թիվը կազմում է 95 ընտանիք, որոնցից ընտանեկան նպաստի իրավունք է ձեռք բերել թվով 69 ընտանիք, սոցիալական նպաստի իրավունք 11 ընտանիք, իսկ եռամսյակային հրատապ օգնության ցուցակներում ընդգրկվել են թվով 2 ընտանիք: Ընդհանուր առմամբ ամբողջ Արթիկի տարածաշրջանում ըստ վիճակագրական տվյալների բնակվում են 13495 ընտանիք` 49933 անձով: Տարածաշրջանի ընտանիքների 18.3% ընդգրկված են ԱԳՀ-ում և ստանում են պետական նպաստ, իսկ Սարատակ համայնքի 410 ընտանիքներից պետական նպաստ են ստանում 80 ընտանիք, որը կազմում է ընդհանուր ընտանքիներ թվի 19,5%:
Հարկ է նշել, որ ըստ վիճակագրական ծառայության տվյալների Շիրակի մարզի բնակչությունը կազմում է շուրջ 246000 մարդ, շուրջ 66000 ընտանիք, մարզում պետական նպաստ են ստանում մոտ 15300 ընտանիք, որը կազմում է 23.2%:
Արթիկի ՍԱՏԳ-ում փաստագրված են 3147 ընտանիք, պետական նպաստ և հրատապ օգնություն ստանում են 2611 ընտանիք, որից ընտանեկան նպաստ 2067 ընտանիք, սոցիալական նպաստ 399 ընտանիք և հրատապ օգնություն 147 ընտանիք: Պետական նպաստում ընդգրկված են 11643 անձ, որից՝
Մինչև 5 տարեկան անչափահաս երեխաներ 1105
5-18 տարեկան անչաձահաս երեխաներ 3817
Միակողմանի ծնողազուրկ երեխաներ 309
Երկկողմանի ծնողազուրկ երեխաներ 11
Միայնակ մոր երեխաներ 97
Ամուսնալուծված ընտանիքի երեխա 268
Մանկուց հաշմանդամ երեխա 92
Առաջին խմբի հաշմանդամ 55
Երկրորդ խմբի հաշմանդամ 389
Երրորդ խմբի հաշմանդամ 308
Տարիքային կենսաթոշակառու 385
75 տարին լրացած տարիքային կենսաթոշակառու 444
Անաշխատունակ միայնակ կենսաթոշակառու 248
Սարատակ համայնքում պետական նպաստ են ստանում 80 ընտանիք` 392
անձով, որից`
Մինչև 5 տարեկան անչափահաս երեխաներ 37
5-18 տարեկան անչաձահաս երեխաներ 151
Միակողմանի ծնողազուրկ երեխաներ 5
Երկկողմանի ծնողազուրկ երեխաներ 0
Միայնակ մոր երեխաներ 0
Ամուսնալուծված ընտանիքի երեխա 3
Մանկուց հաշմանդամ երեխա 0
Առաջին խմբի հաշմանդամ 3
Երկրորդ խմբի հաշմանդամ 10
Երրորդ խմբի հաշմանդամ 7
Տարիքային կենսաթոշակառու 7
75 տարին լրացած տարիքային կենսաթոշակառու 16
Անաշխատունակ միայնակ կենսաթոշակառու 8
Ուսումնասիրության ընթացքում իրականացվել է թվով 30 տնային այցելություններ:
Անդրադարձ է կատարվել ԶԼՄ-ի կողմից հրապարակած հոդվածի որոշ հատվածների, մասնավորապես.
· «Նա ասել է, թե մեկին մյուսի տանը գրանցելը, երիտասարդ ընտանիքները կազմալուծելը արել է գյուղացիների իմացությամբ, ավելին` նրանց խնդրանքով» հատվածի վերաբերյալ տեղեկացնում ենք.
– քաղաքացիները իրենք անձամբ են դիմում ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում բնակության վայրում հաշվառվելու համար, իսկ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (այսուհետ` գնահատման համակարգ) հաշվառվելու (փաստագրվելու) ժամանակ ընտանիքի կազմը որոշվում է համաձայն ՀՀ կառավարության 30.01.2014թ. թիվ 145-Ն որոշման հավելված 3-ի 7-րդ կետի համաձայն, այն է «7. Ընտանիքի կազմը որոշվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկի կողմից (ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ) տրված հայտարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնակչության տեղական ռեգիստրը վարող տարածքային ստորաբաժանման կողմից (այսուհետ` տեղական ռեգիստր) քաղաքացուն տրամադրված բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքի կամ տարածքային կենտրոնի` առցանց հարցման հիման վրա տրամադրած տեղեկատվության հիման վրա: Տեղեկատվության մեջ նշվում է ընտանիքի բնակության վայրում (կացարանում)` բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձանց, իսկ համապատասխան հանգամանքների առկայության դեպքում` ժամկետային զինվորական ծառայության մեջ կամ քրեակատարողական հիմնարկում կամ հետախուզման մեջ գտնվելու մասին»:
Ուսումնասիրության ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել:
· Հրապարակման մեջ զետեղված «կեղծ ամուսնալուծությունների» մասով տեղեկացնում ենք.
– Կատարած ուսումնասիրությունների վերլուծության արդյունքում Արթիկի ՍԱՏԳ-ում հաշվառված 3147 նպաստառու ընտանիքներում առկա է ամուսնալուծված ընտանիքի երեխա 268 անձ, կամ 8.5 %-ը, իսկ Սարատակ համայնքի 80 նպաստառու ընտանիքներում առկա է ամուսնալուծված ընտանիքի երեխա 3 անձ, կամ 3.7 %-ը: Հարկ է նշել, որ ամուսնալուծությաունը գրանցվում է ՀՀ արդարադատության համապատասխան գրասենյակների (ՔԿԱԳ) կողմից կամ դատարանի որոշմամբ սահմանված հիմնավորումների առկայության դեպքում:
Ուսումնասիրության ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել:
· «Սարատակ համայնքում բնակվող Կուրղինյանների ընտանիքը բաղկացած է 6 հոգուց: Նրանցից 4-ը ապրում է 1-ին փ. 6-րդ փակ. Տուն 40-ում: Մինչդեռ նշված հասցեում ոչ թե տուն է, այլ խրճիթ, որտեղ փաստացի բնակվող չկա.Այստեղ հնարավոր էլ չի բնակվել» հատվածի վերաբերյալ տեղեկացնում ենք.
– Սարատակ համայնք 1-ին փ. 6-րդ փակ. տուն 40 հասցեում նպաստառու ընտանիք հաշվառված չէ անապահովության գնահատման համակարգում: ԱԳՀ-ում Սարատակ համայնքի 1-ին փող. 6-րդ փ. տուն 3 հասցեում հաշվառված է և ուսումնասիրության ընթացքում բնակվում էր Լուսինե Նորիկի Կուրղինյանի ընտանիքը` 7 անձով: Նպաստի իրավունքի դադարման հիմքեր չի հայտնաբերվել: Ընտանիքը վարում է անապահով կենցաղ:
· «Մեկ այլ օրինակ` Մարտիրոսյան Սամվել և Հասմիկ ամուսինները, ըստ փաստաթղթերի, որդիններից բաժանվել ու բնակվում են խնամիների տանը: Իրականում, սակայն, նրանք վեց հոգով բնակվում են 5փ. 5-րդ տանը, նպաստառուների ցուցակով տան մեծերը գրանցված են 3փ. 1 նրբ. 8 –րդ հասցեում` խնամիների տանը» հատվածի վերաբերյալ տեղեկացնում ենք.
– Սարատակ համայնք 3-րդ փող. 1-ին նրբ. տուն 8 հասցեում նպաստառու ընտանիք հաշվառված չէ անապահովության գնահատման համակարգում: ԱԳՀ-ում Սարատակ համայնքի 5-րդ փող. տուն 5 հասցեում հաշվառված է և ուսումնասիրության ընթացքում բնակվում էր Կոլյա Սամվելի Մարտիրոսյանի ընտանիքը` 9 անձով: Նպաստի իրավունքի դադարման հիմքեր չի հայտնաբերվել: Ընտանիքը վարում է անապահով կենցաղ:
· «Կամ` 1փ. 19 տանը բնակվում են Պետրոսյան Մեխակը, Պետրոսյան Քնքուշը և Ասլանյան Նարինեն: Փաստաթղթերով, սակայն, երիտասարդ հարսը բաժանված է ամուսնուց և անչափահաս երեխայի հետ գրանցված է 3փ. 19 տան վրա և ստանում է ընտանեկան նպաստ» հատվածի վերաբերյալ տեղեկացնում ենք.
– Սարատակ համայնք 1-ին փող. տուն 19 հասցեում նպաստառու ընտանիք հաշվառված չէ անապահովության գնահատման համակարգում: ԱԳՀ-ում Սարատակ համայնքի 3-րդ փող. տուն 19 հասցեում հաշվառված է և ուսումնասիրության ընթացքում բնակվում էր Նարինե Մկրտչի Ասլանյանի ընտանիքը` 6 անձով, այդ թվում նաև ամուսինը` Մեխակ Ավետիքի Պետրոսյանը, 4 անչափահաս երեխաների հետ` երեխաները չեն համարվել ամուսնալուծված ընտանիքի երեխաններ: Ուսումնասիրության ընթացքում տանը ներկա էր նաև սկեսուրը` Պետրոսյան Քնքուշը, որը հաշվառված չէր այդ հասցեում: Նպաստի իրավունքի դադարման հիմքեր չի հայտնաբերվել, սակայն Նարինե Մկրտչի Ասլանյանը 16.09.2016թ. իր դիմումի համաձայն դուրս է եկել ԱԳՀ հաշվառումից` այլ բնակության վայր տեղափոխվելու պատճառով, չնայած որ ընտանիքը ծայրահեղ աղքատ էր: Ընտանեկան նպաստի գումարը բնակության վայրի փոփոխության պատճառով չէր ստացել 2016թ. օգոստոս և սեպտեմբեր ամիսներին: