Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ուղղությամբ դեռ անելիքներ ունենք. Արտեմ Ասատրյան

0
106

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն սեպտեմբերի 15-ին մասնակցել է Սոցիալական ձեռնարկությունների և գործատուների ցանցի հիմնման  պաշտոնական արարողությանը:

 

Նախարարը  շնորհակալություն է հայտնել  ԱՄն միջազգային  զարգացման գործակալությանը, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությանը և մյուս գործընկերներին, որոնց աջակցությամբ  Հայաստանում ստեղծվում են սոցիալական ձեռնարկություններ և  հաշմանդամության ոլորտում խնդիրների լուծման ուղղությամբ ցուցաբերվում է գործուն աջակցություն:

 

«Վերջին տարիներին կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծմանը և այդ առումով բավականին նախաձեռնություններ են նաև եղել օրենսդրական, գործնական միջոցառումների իրականացման ուղղությամբ: Առանց մեր գործընկերների՝ առաջին հերթին հաշմանդամություն ունեցող անձանց շահերը պաշտպանող  հասարակական կազամակերպությունների  մենք չենք կարող  արդյունք արձանագրել»,-նշել է նախարարը:

 

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հետ կապված Արտեմ Ասատրյանը կարևորել է «Զբաղվածության մասին» օրենքով քվոտայի սահմանումը, որն ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը. «Իսկապես ամենակարևոր խնդիրը հաշմանդամություն ունեցող անձին հասարակություն ինտեգրելն է, իսկ դրա ապահովումը ուղղակիորեն կապված է այդ անձանց զբաղվածության հետ:  Մեր վիճակագրության համաձայն այսօր Հայաստանում  հաշմանդամություն ունեցող անձանց միայան  7-8 տոկոսն է զբաղված: Ակնհայտ է, որ այս ուղղությամբ մենք անելիքներ ունենք և խնդրի լուծման հետ կապված առաջիկայում նախատեսում ենք մեր գործընկերների հետ համատեղ  մշակել օրենքի նախագիծ»:  

 

Նախարարն նշել է նաև, որ   2016 թվականը հայտարարվել է  հավասար հնարավորությունների ապահովման տարի, և այդ ուղղությամբ   համատեղ գործնական և  առարկայական քայլեր են նախատեսված իրականացնել:

 

Միջոցառման ավարտին  քննարկման մասնակիցները ստորագրել են  «Սոցիալական ձեռնարկությունների ցանցի» ստեղծման հուշագիրը:

 

Միջոցառմանը ներկա էին  ՀՀ կառավարության, ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  և այլ կառույցների ներկայացուցիչներ: