Հաշմանդամության խումբ ստանալու համար պետք է անցնել համալիր հետազոտություն. Արմեն Սողոյան

0
357

«Հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված է 200401 (կանայք 48%) հաշմանդամություն ունեցող անձ` ընդհանուր բնակչության 6,6%, որոնցից 8047` հաշմանդամ երեխա` ընդհանուր բնակչության 1,1%»,- այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը:

 

Արմեն Սողոյանի տեղեկացմամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանցից 136 հազար 713­-ի համար հաշմանդամությունը սահմանված է անժամկետ, իսկ 63 հազար 688 հաշմանդամներ պարբերաբար ենթարկվում են վերափորձաքննության: Հաշմանդամ ճանաչվածների կառուցվածքն ըստ հիմնական գերակշռող հիվանդությունների կազմում են` արյան շրջանառության հիվանդությունները 31,5%, հոգեկան հիվանդություններ 10,9%, նորագոյացություններ 8,3%, նյարդային համակարգի հիվանդություններ 8,1%,  էնդոկրին հիվանդություններ 7,6%, աչք 7,3%, այսպիսով` 6 հիվանդություն ընդհանուրի 74%-ը:

 

Որոշ հիվանդություններ շատ բարձր հաշմանդամություն են առաջացնում, որպես օրինակ կարող ենք ներկայացնել. հոգեկան խանգարումներով հաշվառման կանգնած անձանց թիվը մոտ 50000 է, հոգեկան խանգարումներով հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կազմում է 21823 (մոտ 43%), արյան շրջանառության համակարգի հիվանդությունների (ԱՇՀՀ) տարածվածությունն ըստ ծրագրի` 218019, ԱՇՀՀ հաշմանդամ ճանաչվածները 63053 (28,0%):

 

«Հաշմանդամություն սահմանվում է երբ առկա է հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում, որը բերում է կենսագործունեության որևէ տեսակի և որևէ աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության: Կենսագործունեության տեսակներն են` ինքնասպասարկման ապահովման ունակությունը, ինքնուրույն տեղաշարժվելու կարողությունը, ուսումնառության կարողությունը, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությունը, կողմնորոշվելու կարողությունը,  հաղորդակցվելու կարողությունը,  սեփական վարքը հսկելու կարողությունը, երեխաների մոտ նաև խաղալու կարողությունը: Նշված խնդիրների գնահատման համար քաղաքացին պետք է հետազոտվի բժշկական կազմակերպությունում, և արդյունքները ներկայացնի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով, որպեսզի բժիշկ-փորձագետներ համապատասխան որոշում կայացնեն»,­-ասել է Արմեն Սողոյանը:

 

 

Ներկայացնելով ոլորտում ընթացող բարեփոխումները` Արմեն Սողոյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստանում ներդրվելու է ֆունկցիաների միջազգային դասակարգում, որից հետո հաշմանդամություն ունեցող անձանց համար կկատարվի իրական կարիքների գնահատում և դրանց հիման վրա կկատարվի ծառայությունների մատուցում: Իսկ մինչ այդ՝ Արմեն Սողոյանի վստահեցմամբ՝ իրականացվում են կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հետ կապված հստակ քայլեր, որոնք հնարավորինս կկանխեն ոլորտում կոռուպցիոն ռիսկերը: Միաժամանակ, նշելով, որ այդ հարցում ակնկալվում է ինչպես լրագրողների, այնպես էլ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը: