ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է «Պերկինս» միջազգային կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանի համակարգող Դեննիս Լոլլիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տեսողական և համակցված խնդիրներով երեխաներին մատուցվող ծառայությունների զարգացման, երեխաների հետ աշխատող մասնագետների վերապատրաստման և փորձի փոխանակման հեռանկարները:
Նախարար Արտեմ Ասատրյանը բարձր է գնահատել մասնագիտացված մանկատների և «Պերկինս» կազմակերպության միջև ձևավորված համագործակցությունը և կարևորել դրա շարունակականությունը: Նախարարը անդրադարձել է երեխաների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության հռչակած քաղաքականությանը, այն է՝ նպաստել այլընտրանքային ծառայությունների զարգացմանը. «Երեխաները պետք է ապրեն և խնամվեն ընտանիքում, իսկ դա իրականություն դարձնելու համար պետք է երկրում ստեղծվեն համապատասխան ծառայություններ: Ձեզ հետ համագործակցությունը հենց այդ ուղղությամբ է իրականացվում, և ես վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետների շարունակական կրթությունը: Միայն որակյալ մասնագետները կարող են համայնքներում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին և երեխաներին մատուցել արդյունավետ ծառայություններ»:
Պարոն Դեննիս Լոլլին իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը նախարարության հետ և կարևորել է այլընտրանքային ծառայությունների զարգացման ուղղությամբ տարվող պետական քաղաքականությունը:
Համագործակցության շրջանակներում նախատեսվում է ոլորտի մասնագետների համար իրականացնել փորձի փոխանակման և ուսուցման դասընթանցներ: