Հոկտեմբերի 22-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում նախարարության աշխատակիցների և այն հասարակական ներկայացուցիչների ու փորձագետների հետ, ովքեր իրենց կարծքիները, դիտարկումները և մտահոգություններն են հայտնել Ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի վերաբերյալ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արեգ Սավգուլյանը բարձր է գնահատել հասարակական կազմակերպությունների և փորձագետների ներգրավվածությունը և ընդգծել, որ այս համաձայնագիրը նման չէ համագործակցության նախորդ ձևաչափերին:
«Մեր նպատակն է ինստիտուցիոնալ հարթության վրա կառուցել ոչ միայն նախարարություն և քաղաքացիական հասարակություն, հիմնադրամներ, միություններ, հարաբերությունները, այլ՝ համագործակցությունն է մասնավոր միջավայրի հետ, որի նպատակը ռեսուրսների համադրումն է: Այդ ճանապարհով պետք է կարողանանք ձևավորել առողջ աշխատանքային և համագործակցային մթնոլորտ,որպեսզի կարողանանք մեր երկրի առջև ծառացած սոցիալական հիմնախնդիրները հաղթահարենք»,-իր խոսքում նշել է Արեգ Սավգուլյանը:
Հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մտահոգությունը հիմնականում վերաբերում էր ոչ այնքան սոցիալական սկզբունքների շուրջ համագործակցությանը, որոնք համաձայնագրում հստակեցված են, այլ՝ վերջինիս կառուցվածքին և որոշ բովանդակային հատվածների, որոնք կարող են տարակարծությունների տեղիք տալ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Էլոյանը ընդգծել է, որ նախարարությունը նպատակ չունի զուտ դեկլարատիվ բնույթի փաստաթուղթ ստեղծել. «Մենք փի առ ակցիա չենք կազմակերպում, այլ ուզում ենք գործ անել ու դրա համար այս փաստաթուղթը ստեղծվել է: Մեր նպատակը լավ Հայաստան ունենալն է և ժողովրդի համար պայմանների բարելավվումը»,-ասել է Վահե Էլոյանը:
Ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի հիմնական նպատակն է ինստիտուցիոնալացնել տարբեր կազմակերպությունների միջև փոխհարաբերությունները և ստեղծել համագործակցության գործուն մեխանիզմներ՝ պահպանելով ռեսուրսների համադրման և արդյունավետ կառավարման սկզբունքները:
Համաձայնագիրը իր բնույթով քաղաքացիաիրավական փաստաթուղթ է, որը բաց է բոլոր կազմակերպությունների և անհատների համար, որոնք պատրաստ են համագործակցել համաձայնագրի նպատակների շրջանակներում: