Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը կաջակցի ԼՂՀ-ում մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրմանը

0
164

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության  Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի  մասնագետները սեպտեմբերի 26-28-ին եռօրյա աշխատանքային այցով եղել են  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Այցի հիմնական նպատակը երկու երկրների Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև կնքած համագործակցության հուշագրի շրջանակներում ԼՂՀ-ում մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ծառայությունների իրականացման միասնական ծրագրի մշակումն է:

Հանդիպում-քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ պատասխանատու գերատեսչություններից` ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունից, ԼՂՀ զբաղվածության պետական գործակալությունից, ԼՂՀ հանրակրթության ոլորտից, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ քաղաքապետարանից:

Հանդիպման ընթացքում Կենտրոնի մասնագետները ներկայացրել են  ՀՀ-ում գործող մասնագիտական կողմնորոշման համակարգը, վերջինիս գործառնության սկզբունքները, նպատակները, խնդիրները և զարգացման հեռանկարները: Համակարգը ներկայացնելուց հետո կազմակերպվել է քննարկում` ԼՂՀ-ում մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման անհրաժեշտության և հնարավորությունների վերաբերյալ: Ներկա մասնագետները մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման կարևորությունն ընդգծել են հատկապես հանրակրթության ոլորտում: Քննարկման արդյունքում մի շարք առաջարկություններ են  հնչել, մասնավորապես՝ ձևավորել «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ԼՂՀ-ում, դպրոցներում և զբաղվածության կենտրոնում մասնագիտական կողմնորոշում իրականացնող մասնագետների հաստիքներ ստեղծել, մասնագիտական կողմնորոշման աշխատանքներն իրականացվեն նաև հանրակրթության ոլորտում:

Ներկաները ցանկություն են  հայտնել մասնակցել Կենտրոնի կողմից իրականացվող վերապատրաստումներին, ձեռք բերել մասնագիտական հմտություններ և ներդնել մասնագիտական կողմնորոշման աշխատանքները համապատասխան կառույցներում:

Քննարկումների արդյունքում հնչեցված հարցին, թե արդյո՞ք ԼՂՀ-ում հնարավոր է ներդնել ՀՀ մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն, մասնակիցները եկան եզրակացության, որ հարցի լավագույն լուծումը կլինի Կենտրոնի աջակցությունը մեթոդաբանության և վերապատրաստումների հարցում: