Հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել «Հայաստանում կարիերայի ուղղորդման համակարգի զարգացում, ուսումնառություն եվրոպական քաղաքականությունից և փորձից» խորագիրը կրող համաժողով, որը նախագահում էր Եվրոպական կրթական հիմնադրամի ռազմավարական ծրագրերի կառավարման ՄԿՈՒ քաղաքականության պատասխանատու Հելմուտ Ցելոթը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը համաժողովի ընթացքում, ոլորտում կատարված հետազոտությունների հիման վրա, ներկայացրել է Հայաստանում կարիերայի ուղղորդման ծառայությունների առկա վիճակը, համագործակցության մեխանիզմները: Ուսումնական հաստատությունների կարիերայի խորհրդատուները և զբաղվածության ծառայությունների ներկայացուցիչները ևս կիսվել են իրենց կազմակերպությունների հաջողված փորձով:
Կարիերայի ուղղորդման համակարգման և համագործակցության մարտահրավերների մասին իրենց փորձը ներկայացրել են նաև Եվրախորհրդարանի տնտեսական և գիտական քաղաքականությունների տնօրինության կողմից գործուղված ազգային փորձագետ Սուսանե Կռաացը, ԵԿՀ միջազգային փորձագետ Քրիս Էվանսը և Կրթության և տնետսագիտության ավստրիական ասոցիացիայի գլխավոր տնօրեն Պետեր Հերտելը:
Քրիս Էվանսի գլխավորությամբ կարիերայի խորհրդատունները` հանրակրթության, ՄԿՈՒ հաստատությունների և զբաղվածության ծառայությունների ներկայացուցիչներից ձևավորել են խմբեր, և, ՄԿՄԿ անձնակազմի մասնագետների ղեկավարությամբ, կատարել խմբային աշխատանքներ: Հանդիպման ավարտին քննարկվել և ամփոփվել են տվյալ խմբի գործունեության ոլորտում կարիերայի ուղղորդման ծառայության իրականացման ժամանակ առաջացած խնդիրները:
Համաժողովին մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Զբաղվածության պետական գործակալության և դրա տարածքային կենտրոնների ներկայացուցիչներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ և այդ հաստատությունների կարերայի ուղղորդման խորհրդատուներ, ինչպես նաև սոցիալական գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր:
Միջոցառումը Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի և Եվրոպական կրթական հիմնադրամի սերտ համագործակցության արդյունքն է: Այն կազմակերպվել և իրականացվել է «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի կողմից` ԵԿՀ-ի բովանդակային և ֆինանսական աջակցությամբ: