Շիրակի մարզում բանվորից սկսած մինչև ՏՏ ոլորտի մասնագետի կարիք կա Աշխատանքի տոնավաճառ՝ Գյումրիում

0
139

ՀՀ զբաղվածության պետական գործակալությունը հուլիսի 3-ին   Գյումրի քաղաքում  կազմակերպել էր հերթական աշխատանքի տոնավաճառ, որին  մասնակցում էին  տարբեր ոլորտներ ներկայացնող 35 գործատուներ:  Տոնավաճառին ներկացված էին  առկա 157 և սպասվող 172 թափուր աշխատատեղեր:

Զբաղվածության գործակալության պետ Արտակ Մանգասարյանը ողջունել է գործատուներին, աշխատանք փնտրողներին, հյուրերին՝ նշելով, որ աշխատանքի տոնավաճառը ամենաարադյունավետ ճանապարհներից մեկն է աշխատանք առաջարկողի և աշխատանք փնտրողի  համար, և այն լավագույնս մեկտեղում է գորածատուի և աշխատանք փնտրողի շահերը:

Տոնավաճառին իր ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Շիրակի փոխմարզպետ՝  Հարություն Արշակյանը, ով ներկայացրել է  մարզպետի ուղերձը տոնավաճառի անցկացման և դրա կարևորության մասին: Նա իր  խոսքում ընդգծել է  զբաղվածության աջակցության ծրագրերի ու հատկապես «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում»  ծրագրի իրականացման արդյունավետությունը:  Այս համատեքստում նա նշել է, որ սեզոնային զբաղվածության ծրագիրը ամենաակտվիներից մեկն է Շիրակի մարզում,  որը ժամանակավոր զբաղվածություն է ապահովել համայնքային բնակիչների շրջանում:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր հերթին բարձր է գնահատել կազմակերպված միջոցառումը և շեշտել, որ այսօր ամեն ինչ արվում է աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ. «Շատ են բողոքում, որ աշխատատեղեր չկան, բայց այսօր, այս աշխատանքի տոնավաճառին ներկա գործատուներն իրենց  թափուր աշխատատեղերով ապացուցում են, որ մեր մարզում բանվորից սկսած մինչև ՏՏ ոլորտի մասնագետի կարիք կա»:

Տոնավաճառին մասնակցել են  շուրջ 2000 աշխատանք փնտրողներ, ովքեր հնարավորություն են  ունեցել ծանոթանալու գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերին և պահանջներին՝  փորձելով գտնել իրենց մասնագիտական հմտություններին համապատասխան աշխատանք: Տոնավաճառի ընթացքում ներկայացվել են  նաև պետության կողմից առաջարկվող  զբաղվածության աջակցության մյուս ծրագրերը, որոնք աշխատաշուկայում, հատկապես անմրցունակ անձանց,  աշխատանք գտնելու հնարավորություն են տալիս:

ՀՀ զբաղվածության պետական  գործակալության պետ Արտակ Մանգասարյանը  տոնավաճառրի ընթացքում շնորհակալագրեր է հանձնել Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի հետ ակտիվ համագործակցող  5 գործատուների:

Գյումրում կազմակերպված աշխատանքի տոնավաճառը այս տարվա հինգերորդ տոնավաճառն էր: Նախորդ չորս նմանատիպ տոնավաճառները կազմակերպվել են Երևանում, Հրազդանում, Իջևանում և Ալավերդիում քաղաքներում: