ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների տարեց խնամվողների համար հունիս ամսին կազմակերպել էր ուխտագնացություն դեպի Օշական:
Օշական կատարած այցի ընթացքում էքսկուրսավարի ուղեկցությամբ կենտրոնի տարեց խնամվողները այցելել են Մեսրոպ Մաշտոցի գերեզման, ծաղիկներ դրել Մեծ ուսուցչի շիրիմին: Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տարեցները կատարել են մոմավառություն, ներկա են գտնվել մատուցվող պատարագին, շրջել Օշականի գեղատեսիլ վայրերում:
Էրեբունի վարչական շրջանի տարեց խնամվողների համար ուխտագնացություն էր կազմակերպվել դեպի Գեղարդի վանական համալիր: Այցելության ընթացքում տարեցները շրջել են վանքի տարածքում, ծանոթացել վանքի պատմությանը, մոմ վառել: Երևան վերադարձից առաջ նրանք հանգստացել են Գեղարդի գեղատեսիլ բնության գրկում:
Կենտրոնը հուլիս ամսին իր տարեց խնամվողների համար կկազմակերպի ուխտագնացություն Արտաշատի նորաբաց սուրբ Հովհաննես եկեղեցի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնն իր շահառուներին տնային պայմաններում մատուցում է կենցաղային, սոցիալ-հոգեբանական, բժշկական և իրավաբանական խորհրդատվություն: Այսօր Երևան քաղաքում բնակվող 1500 միայնակ և հաշմանդամություն ունեցող տարեցները օգտվում են կենտրոնի ծառայություններից: