Հոկտեմբերի 23-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում տեղի է ունեցել 2015թ. վերջին աշխատանքի տոնավաճառը:
Աշխատանքի տոնավաճառին մասնակցել է 26 գործատու՝ ներկայացնելով շուրջ 53 թափուրաշխատատեղ: Արմավիրի աշխատանք փնտրողները տոնավաճառի ընթացքում հնարավորություն են ունեցել հանդիպել գործատուների հետ, ծանոթանալ առաջարկվող աշխատանքներին և գտնել իրենց համար հարմար աշխատանք: Աշխատանքի հրավերները տոնավաճառում տարբեր էին՝ հավաքարար, իրավաբան, վարորդ, IT ոլորտի մասնագետ և այլն:
Արմավիրի մարզում 2015թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 5602 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38.0%-ով (4058 մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 81.8%-ը կամ 4581 մարդ, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 29.1%-ով (3548 մարդ): Մարզում շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմել է գործազուրկների թվի 65.8%-ը կամ 3016 մարդ:
Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում մանկավարժության և հոգեբանության, շինարարության և ճարտարապետության, կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի բնագավառի անձինք: Գործազուրկների 80.3%-ը մասնագիտություն չունեցող անձինք են: Աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը կազմում է գործազուրկների 78.1%-ը կամ 3579 մարդ:
Տարեսկզբից մարզում աշխատանքի է տեղավորվել 293 աշխատանք փնտրող, որից 222-ը՝ աշխատաշուկայում անմրցունակ անձ: