ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Իսաբել Դինգիզյանին:
Նախարար Արտեմ Ասատրյանը բարձր գնահատելով տիկին Իսաբել Դինգիզյանի գործունեությունը Շվեդիայում՝ վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը ավելի կամրապնդվի և պատրաստակամություն է հայտնել տարբեր ձևաչափերով ընդլայնել համագործակցության եզրերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության բնագավառում իրականացվող աշխատանքները: Այս համատեքստում նախարարը ընդգծել է տարբեր ոլորտներում կանանց ներգրավածության կարևորությունը, և նշել, որ առաջիկայում պետք է ձևավորվի խնամողների ինստիտուտը, որպեսզի երեխաներ ունեցող կանայք աշխատանքով զբաղվելու դժվարություններ չունենան:
Հանդիպմանը նախարարը ներկայացրել է նաև սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, անդրադարձել սոցիալական աշխատողի ինստիտուտի կարևորությանը և գնահատված կարիքի հիման վրա սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգին:
Իսաբել Դինգիզյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և վստահեցրել, որ իրենց փորձով և գիտելիքներով մեծ ներդրում կունենա երկու երկրների հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում: