Ստորագրվել է տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային ինտեգրմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր

0
73

Հոկտեմբերի 5-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայակական Կարմիր Խաչի  ընկերության  և Շվեյցարական Կարմիր Խաչի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրով  ապահովվում է համագործակցությունը տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ ծառայությունների մատուցման, սոցիալ-առողջապահական տնային խնամքի մոդելի ներդրման, համայնքային  կյանքում նրանց  ինտեգրման ուղղությամբ:

Տարեցների ոլորտում իրականացվող բարեփոխումների  արդյունավետ  իրականացման նպատակով  կողմերը կներդնեն նաև  իրենց փորձագիտական գիտելիքներն ու կարողությունները, կներկայացնեն առաջարկություններ, հանրային իրազեկման աշխատանքներ:

Միջոցառմանը ներկա  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը  շեշտել  է, որ  Հայկական և Շվեյցարական  կարմիր խաչի  հետ  համագործակցությունը տեսնում է  սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում:

Կարևորելով  ոլորտում առկա խնդիրները, նախարարի տեղակալը  նշել է, որ դեռ 2002թ. Հայաստանը միացել է Ծերացման Մադրիդյան Ռազմավարությանը և այս տարիների ընթացքում ընդունվել են մի շարք իրավական ակտեր, իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնց նպատակը  տարեց մարդկանց կյանքի որակի բարձրացումն է:

Կարևորելով տնային պայմաններում տարեցների խնամքը, տիկին Ջեմմա Բաղդասարյանը  ողջունել է  «Համայնքային ինտեգրված տնային խնամք և առողջ ծերացում»  ծրագրի մեկնարկը, որն իրականացվելու է  հայկական  կարմիր խաչի ընկերության կողմից  շվեյցարական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ:

«Վստահ եմ, որ ծրագրի իրագործումը  Շիրակի և Լոռու մարզերում կբարելավի տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց  կյանքի որակը, քանի որ սոցիալ-առողջապահական  ծառայությունները տրամադրվելու են գնահատված կարիքի հիման վրա»,-իր խոսքում ընդգծել է նախարարի տեղակալը: