Երեխայի պաշտպանության մեխանիզմները չեն կարող լիարժեք լինել, եթե չկա խնամատարության լիարժեք համակարգ. Գ. Գյունաշյան

0
126

Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգը նպատակ ունի տևական փոփոխություններ մտցնել երեխաների կյանքում: Այս նպատակին է միտված նաև ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի շուրջ հուլիսի 3-ին հրավիրված աշխատաժողովը:

Նմանատիպ քննարկումները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը ողջունելի է համարում:

Ըստ վարչության պետի՝ երեխայի պաշտպանության մեխանիզմները չեն կարող լիարժեք լինել, եթե չկա խնամատարության լիարժեք համակարգ. «Շատ հաճախ լինում են դեպքեր,երբ մենք փակուղի ենք մտնում և չենք կարողանում ճիշտ որոշում կայացնել՝ հատկապես երեխայի խնամակալման հետ կապված: Պատահում են քննարկումներ, թե օրենքի որ կետը ինչպես հասկանալ, կամ օրենքի որևէ կետ կարող է հարմարացնել իրեն: Այս առումով շատ կարևոր է իրազեկված պաշտոնյան՝ լիարժեք աշխատանք իրականցնելու համար»,- նշեց Գեղանուշ Գյունաշյանը:

Հանդիպման ընթացքում հոդված առ հոդված քննարկվեցին փոփոխությունները: Մասնավորապես, քննարկման առարկա դարձավ երեխային որդեգրելու համար խնամատար ծնողների կարծիքի հաշվի առնելը: Այս առումով տիկին Գյունաշյանը կարևոր համարեց հոդվածի այս կետում նշել այն մասին, որ խնամատար ընտանիքներում գտնվող երեխային որդեգրելու համար խնամատար ծնողները կարող են կարծիք հայտնել:

Քննարկման մասնակիցները նաև անդրադարձան հարազատներին խնամատար չդարձնելուն: Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանն այս առումով նշեց, որ պետք է հստակ տարանջատել խնամակալությունը խնամատարությունից:

Աշխատանքային քննարկումը կազմակերպվել է «Խոցելի խմբի երեխաների սոցիալական ներառում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից, ԱՄՆ ՄԶԳ-ի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։