Ձևավորված սոցիալական երկխոսության հարթակը թույլ է տալիս համատեղ լուծել մեր քաղաքացիների խնդիրները. Արտեմ Ասատրյան

0
120

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 23-ին մասնակցել է «Սոցիալական երկխոսությունը Հայաստանում կայուն աշխատաշուկայի համար» սոցիալական գործընկերության 6-րդ Ազգային կոնֆերանսին: Կոնֆերանսը նպատակաուղղված է խթանելու սոցիալական եռակողմ գործընկերությունը և երկխոսությունը ՀՀ-ում:

Նախարարի խոսքով  կայուն աշխատաշուկան բավականին փոփոխվող է և  զբաղվածության քաղաքականությունը մշակելու համար պարբերաբար իրականացվում են վերլուծություններ:

Ըստ նախարարի՝ այսօր հիմնականում առկա է կառուցվածքային գործազրկության խնդիր. «Պետք է փաստեմ, որ աշխատաշուկայի փոփոխություններին համապատասխան մասնագիտություն ունեցող անձանց խնդիր ունենք: Այսօր  թափուր աշխատատեղերը,որոնք հավաքագրվում են մեր զբաղվածության կենտրոնների կողմից, ամսական կազմում են 2000, դրանցից 1000ը կրկնվող են: Խնդիրն այն է, որ որոշակի ժամանակահատվածում հնարավոր չի լինում համալրել համապատասխան մասնագետների բացակայության պատճառով: Եվ զբաղվածության  ծրագրերում առաջին հերթին իրականացվում են քայլեր,որոնք ուղղված են հենց այս խնդրի լուծմանը կամ մեղմանը: Մյուս կողմից,այսօր աշխարհում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական փոփոխությունների իրավիճակում մարտահրավերները շատացել են և սոցիալական գործընկերության այս ձևաչափը հնարավորություն է տալիս,որպեսզի երեք կողմերը՝  կառավարությունը, գործատուները և արհմիությունները համատեղ քննարկեն խնդիրներն ու լուծումները»:

 

Այս համատեքստում նախարար Արտեմ Ասատրյանը կարևորել է 2015թ. օգոստոսի 1-ին կնքված  Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը և ձևավորված նոր կազմով Հանրապետական եռակողմ հանձնաժողովը:  Սա, ըստ նախարարի,  կարևոր հարթակ է  մեր քաղաքացիներին հուզող  սոցիալական  ոլորտի  խնդիրները համատեղ լուծելու համար: Նախարարը   միաժամանակ ընդգծել է միջազգային գործընկերների կողմից փորձի փոխանակման անհրաժեշտությունը և դրանց շրջանակներում ձեռք բերված փորձառությունը, որոնք կիրառելի են Հայաստանում:

 

Սոցիալական գործընկերության 6-րդ Ազգային կոնֆերանսին մասնակցում էին  շուրջ  90 ներկայացուցիչներ պետական և ոչ պետական կառույցներից՝ մասնավորապես  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայից, Գործատուների միությունից  և հասարակական կազմակերպություններից:   Կոնֆերանսին մասնակցում էին  նաև  Գերմանիայի գործատուների միության ներկայացուցիչները, ովքեր ներկայացրել են աշխատաշուկայի կարգավորման և զբաղվածության խթանման բնագավառում Գերմանիայի փորձը, իսկ Լատվիայից ժամանած պատվիրակության անդամները ներկայացրել են Լատվիայի գործատուների ասոցիացիայի փորձը սոցիալական երկխոսուության բնագավառում: