Այսուհետ Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատան սաները հնարավորություն կունենան օգտվել ջրային թերապիայի, մերսման, բուժական ֆիզկուլտուրայի, ֆիզիոթերապիայի, մարմնակրթության, հատուկ նեղ մասնագիտական կենտրոնների վերականգնողական լայն հնարավորություններից: Սեպտեմբերի 25-ին նորաստեղծ կենտրոնը ներկայացվել է արարողությանը ներկա պաշտոնական հյուրերին:
Հիդրոթերապիայի կենտրոնում բուժ-վերականգնողական և շտկողական աշխատանքները հաշմանդամություն ունեցող երեխաների առողջության վերականգման վրա էական ազդեցություն կունենա: Նորաստեղծ կենտրոնի բազմաֆունկցիոնալ ռեսուրսները կարևոր են հատկապես հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների համար:
Նորացվել և ընդլայնվել է նաև մասնագիտական մանկատան լվացքատուն-չորանոցի տարածքը, որի գործարկմամբ առավել արդյունավետ կկազմակերպվի մանկատանը խնամվող հատուկ կարիքներով երեխաների հիգիենայի հետ կապված խնդիրները:
Այսօր կենտրոնի բացման արարողությանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Գևորգյանը, Ընտանիքի, կանանց և երեխաների վարչության պետ` Գեղանուշ Գյունաշյանը, ԱՄՆ-ի SOAR հիմնադրամի նախագահ` Ջորջ Յաղուբյանը և մանկատան բարեկամներ:
Մանկատան վերականգնողական կենտրոնում հիդրոթերապիայի կենտրոնի կառուցումը, կահավորումը, ինչպես նաև լվացքատուն-չորանոցի ստեղծման ֆինանսավորումն իրականացվել է ԱՄՆ-ի SOAR հիմնադրամի հովանավորությամբ: