Բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված կենտորնների ստեղծումը կկանխարգելի նրանց մուտքը հաստատություններ. Գ. Գյունաշյան

0
109

Սեպտեմբերի  26-ին  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, Կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ  Գեղանուշ Գյունաշյանը մասնակցել է  Գյումրիում  տարածաշրջանում ամենամեծ, բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի բացման արարողությանը:

 

Տիկին Գյունաշյանը  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի անունից շնորհավորել է տարածաշրջանում  իր տեսակի մեջ եզակի «Էմիլի Արեգակ»  կենտրոնի բացման կապակցությամբ. «Հայաստանում  երեխաների պաշտպանության ոլորտում  իրականացվող բարեփոխումների կարևոր մաս է կազմում  հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի հաստատությունների բեռնաթափման և վերակազմակերպման ուղղությամբ իրականացվող քայլերը:  Համայնքներում նման կենտրոննների ստեղծումը թույլ կտա  աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին, տրամադրել վերականգնողական այնպիսի ծառայություններ, որոնք կկանխարգելեն երեխաների մուտքը հաստատություններ»:

 

Տիկին Գյունաշյանը կարևորել  է նման կենտրոնների ստեղծման  անհրաժեշտությունը   հանրապետության  այլ մարզերում: «Երեխաների  հաշմանդամության վաղ հայտնաբերման և  կարիքների գնահատման արդյունքում  տրամադրվող մասնագիտական վերականգնողական ծառայությունները հնարավորություն կտան նրանց  իրացնել  ամբողջական կարողություններն ու հմտությունները՝  հասարակությանը լիարժեք ինտեգրվելու համար»,-ընդգծել է տիկին Գյունաշյանը:

 

Ներկայումս կենտրոնում 40 երեխայի տրամադրվում են մի շարք վերականգնողական ծառայություններ՝ ֆիզիոթերապիա, արտթերապիա, երաժշտաթերապիա:

 

Կենտրոնի բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը,Հայաստանի, Վրաստանի եւ Արևելյան Եվրոպայի կաթողիկե եկեղեցու առաջնորդ, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ Հայր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի Հաշմանադամության հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը, մարզային և համայնքային կառույցների ներկայացուցիչներ: