Քննարկվել են Եվրոպայի սոցիալական խարտիայի չվավերացված դրույթները

0
101

Սեպտեմբերի 30-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմակերպել է Եվրոպայի սոցիալական խարտիայի չվավերացված դրույթներին նվիրված հանդիպում: 1961 թվականի Խարտիայի չընդունված դրույթներին վերաբերող՝ 22-րդ հոդվածով նախատեսված գործընթացի շրջանակներում Հայաստանի կողմից չընդունված դրույթների վերաբերյալ տեղեկատվության և կարծիքների փոխանակում է տեղի ունեցել՝ լրացուցիչ դրույթների ընդունման հեռանկարների գնահատման տեսանկյունից:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը կարևորել է նմանատիպ քննարկումները՝ ընդգծելով, որ  Հայաստանն անդամակցելով Եվրոպայի սոցիալական խարտիային լուրջ բարեփոխումներ արդեն արձանագրել է. «Հայաստանն անդամակացելով Եվրոպայի խորհրդին մեկ անգամ ևս փաստեց, որ իրեն համարում է Եվրոպայի մաս, եվրոպական արժեմահակարագի կրող և երկրի զարգացումը կապում է մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների սկզբունքների վրա: Ուրախությամբ պետք է նշեմ, որ վավերացնելով եվրոպական սոցիալական խարտիան՝ 20 հոդվածներ և 67 պարագրաֆներով,  այսօր արդեն լավ ցուցանիշներ ենք արձանարգել և վերջին տաս տարիների  ընթացքում փորձել ենք հետևողական իրագործել մեր պարտավորությունները»,-իր խոսքում նշել է Արայիկ Պետրոսյանը:

 

Եվրոպական սոցիալական խարտիայի վարչության պետի տեղակալ Հենրիկ Կրիստենեն ևս բարձր է գնահատել նմանատիպ հանդիպում-քննարկումները և հույս  հայտնել, որ դրանք  կհանգեցնեն լուրջ ձեռքբերումների. «Երբ Հայաստանն ընդունեց  եվրոպական սոցիալական խարտիային նվիրված դրույթները՝ որոշ դրույթներ դուրս մնացին, որոնք, պետք  է փաստեմ,  շատ կարևոր են:  Օրինակ՝ առողջության իրավունքը, հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքը և այլն: Սակայն պետք է ընդգծեմ, որ ընտրված դրույթները ևս կարևոր են եղել և առաջ են բերել մի շարք ձեռքբերումներ:  Մենք հանդիպում ենք արդեն երկրորդ անգամ: Առաջին նման հանդիպումը կազմակերպվել է  դեռևս 2008-ին, որի ժամանակ սակայն նոր դրույթներ չվավերացվեցին: Ուրախ եմ այս հանդիպման համար և կարծում եմ այն կունենա դրական տեղաշարժեր»:

 

Քննարկման  ժամանակ ներկայացվել են նաև զբաղվածությանը, հավասար հնարավորություններին, աշխատանքի իրավունքին, մասնագիտական վերապատրաստմանը վերաբերող դրույթներ:

 

Հանդիպմանը ներկա էին Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի կառավարման,  իրավունքի և հասարակության դպրոցի ավագ գիտաշխատող Լաուրի Լեպպիկըկ Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի անդամ Ֆրանկո Վանդամը, Եվրոպական սոցիալական խարտիայի ներկայացուցիչ Նինո Չիտաշվիլին, տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներ, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ: