Վարչապետն անհրաժեշտ է համարում կոտրել սոցիալապես անապահով դառնալու մոտիվացիոն դաշտը

0
104

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:

Նշելով, որ հաշվետվություններում հիմնական շեշտադրումը պետք է լինի այն, թե ռեալ ինչն է փոխվել, Կարեն Կարապետյանը հավելել է. «Մեր գերատեսչությունների ղեկավարների կամ առաջին էշելոնի կառավարիչների համար դեկտեմբերին աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատելու ենք արտակարգ ռեժիմ՝ տարին ամփոփելու և հաջորդ տարին պլանավորելու համար»:

Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև հանրային հաշվետվողականության, հանձնարարականների կատարողականների, «թեժ գծերով» ստացվող առաջարկությունների, բողոքների քննարկումն ու ամփոփումը:

Ներկայացնելով կատարված աշխատանքները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ խնդիր ունեն հաշմանդամության կենսաթոշակների մասով, ինչի համար նախատեսել են և վարչապետի հանձնարարության համաձայն հունվարին կներկայացնեն պիլոտահաշվառման նոր մոդել. «Մենք արդեն ունենք ձևավորված առաջարկ, որ ոչ թե քաղաքացիներին ավտոմատ դարձնենք թոշակառու, այլ հատկապես խոսքը վերաբերում է երրորդ խմբի թոշակառուներին: Այն ծառայությունները, որի կարիքն իրենք ունեն, պետք է գնահատենք և ապահովենք այդ ծառայությունների ստացումը: Եթե նրանք ծառայությունները ստացան, ապա չեն ձգտելու դառնալ հաշմանդամ»,- ասել է Ասատրյանը:

Արձագանքելով՝ Կարեն Կարապետյանն ավելացրել է. «Մենք ի՞նչ ենք ուզում և ակնկալում ձեզանից. նախ մաքսիմալ թափանցիկ, բաց, քաշքշուկը քիչ, ոչ մեկին, ում չի հասնում փող՝ չենք տալու, մոտիվացիոն վիճակը, որը ստեղծել ենք, որ մարդն ուզում է սոցիալապես անապահով դառնալ, այդ դաշտը մաքսիմալ պետք է փորձենք կոտրել»: