Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդներ ներդրած հետևյալ անձինք`
- մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք.
- ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցած անձինք.
- ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:
Եթե վերոգրյալ սոցիալական խմբերին դասված անձանցից որևէ մեկի ամուսինը մահացած է և մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա այն դիտարկվում է ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն, ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց:
Ավանդի փոխհատուցումը ստանալու համար ավանդատուները հաշվառման նպատակով իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր:
Ավանդների փոխհատուցման ճշտված ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշվում է դիմումի օրվա դրությամբ:
Հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ` ՀՀ պետական բյուջեով ավանդների փոխհատուցման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակային համամասնություններին համապատասխան:
2016 թվականի նոյեմբեր ամսվա վճարման ցուցակներում ընդգրկվել են մինչև
– 12823 հերթական համարն ունեցող տարեցները (17370 հաշվառվածներից),
– 3742 հերթական համարն ունեցող մարտական գործողությունների մասնակիցները (4451 հաշվառվածներից),
– 9648 հերթական համարն ունեցող սահմանամերձ բնակավայրերի բնակիչները (13989 հաշվառվածներից):
Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցման ծրագիրը 2016 թվականին իրականացվում է «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի և ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման համաձայն: