Այսուհետ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչները կունենան վերանորոգված հանգստի սենյակ և սանհանգույց:
Վերանորոգումները կատարվում են ԱՄՆ Կանզաս նահանգի և Հայաստանի միջև իրականացված Մարդասիրական քաղաքացիական աջակցության ծրագրի շրջանակներում: Աշխատանքներն իրականացվում են Կանզասի Ազգային գվարդիայի օդուժի ինժեներական կազմի կողմից:
Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը և ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն այցելեցին թիվ 1 տուն-ինտերնատ՝ անձամբ ծանոթանալու կատարվող աշխատանքներին և շրջայց կատարեցին տուն-ինտերնատի տարածքում:
Տիկին Բաղդասարյանը դեսպանին ներկայացրեց կատարվող աշխատանքները, տուն-ինտերնատի պայմանները և նշեց, որ բնակիչները ամբողջությամբ գտնվում են պետության հոգածության ներքո:
Դեսպան Միլսն էլ գոհունակություն հայտնեց կատարված աշխատանքների համար և ի դեմս տուն ինտերնատի տնօրենի՝ շնորհակալություն հայտնեց ողջ անձնակազմին աջակցության և օգնություն ցուցաբերելու համար:
Շրջայցին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը, նախարարության և դեսպանատան աշխատակիցներ: