Մինչև 2016թ. հունվարի 1-ը կենսաթոշակառուներին ավել վճարված` վերադարձման ենթակա գումարները կզրոյացվեն

0
108

Մինչև 2016թ. հունվարի 1-ը ավել վճարված կենսաթոշակների գումարները, որոնք պետք է վերականգնվեն ՀՀ պետական բյուջե, կզրոյացվեն: Ըստ 2015 թվականի ընթացքում ձեռնարկած միջոցառումների արդյունքների՝ հայտնաբերվել է կենսաթոշակների 240.6 մլն դրամ ավել վճարված գումար:

ՀՀ կառավարության 2016թ. նոյեմբերի 10-ի նիստում հավանության արժանացած  «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել ավել վճարված կենսաթոշակների հաշվարկման և հետգանձմանն առնչվող իրավակարգավորումները:

Նախագծով սահմանվում է, որ

1) ավել վճարված կենսաթոշակի գումարները կարող են հետ գանձվել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման և այդ գումարը ստացած անձի միջև փոխհամաձայնեցված մարման ժամանակացույցի հիման վրա,

2)  հետ են գանձվում (բռնագանձվում) այն գումարները, որոնք սխալմամբ (ՀՀ օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին են վճարվել սխալը (խախտումը) հայտնաբերելու օրվան նախորդող 3 տարվա (36 ամսվա) ընթացքում:

Խնդրի սոցիալական էությունը հաշվի առնելով՝ առաջարկվում է նաև մինչև 2016 թվականի հունվարի 1-ն ավել վճարված կենսաթոշակների գումարների մասով առաջացած պարտավորությունները զիջել, բացառությամբ այն դեպքերի, երբ.

1) կենսաթոշակի գումարը վճարվել է կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար,

2) կենսաթոշակի գումարը վճարվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետևանքով, որը հաստատված է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով (յուրացման դեպքերը):

Նախագծով առաջարկվում է կանոնակարգել նաև քրեակատարողական հիմնարկում  գտնվող կալանավորված անձի կենսաթոշակի իրավունքի իրացման կարգը: