ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ նոյեմբերի 8-ին կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձաժողովի հերթական նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված Հաշմանդամություն ունեցող անձանց սայլակներով ապահովման գործընթացի վերաբերյալ հարցը ներկայացրել է «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը: Նա խոսել է պետության կողմից տրվող սայլակների որակի, երկարակեցության մասին, ինչպես նաև սայլակների տրամադրման ժամկետների մասին՝ մասնավորապես, այն դեպքերում, երբ դրանք մարդուն անհրաժեշտ են հրատապ: Առաջարկվել է նաև հավաստագրերի համակարգի ներմուծում, ինչը թույլ կտա մարդկանց ընտրել իրենց կարիքներին համապատասխան սայլակ:
Արձագանքելով Արմեն Ալավերդյանի բարձրացրած հարցերին՝ նախարարը նշել է, որ որակական առումով լուրջ խնդիրներ նախկինում եղել են, սակայն ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման միջոցով դրանց տրվել են համակարգային լուծումներ: «Վերջին երեք տարիների ընթացքում կատարված որակական փոփոխությունները տեխնիկական բնութագրերում փաստում են, որ իսկապես կատարվել է լուրջ աշխատանք: Եթե մինչ օրս կան խնդիրներ, ապա ես ակնկալում եմ ոլորտում գործող կազմակերպությունների աջակցությունն այս հարցում, քանի որ խնդիրների լավագույն լուծման ճանապարհը, բացերը լրացնելու մեխանիզմը կարող եք առաջարկել միայն դուք»,- ընդգծել է նախարարը:
Նախարարն անդրադառնալով սայլակների տրամադրման ժամկետների խնդրին՝ նշել է, որ այն մեծապես կապված է գնումների գործընթացի հետ և այս պահին լուծելի չէ, միաժամանակ առաջարկել է հասարակական կազմակերպությունների հետ համատեղ լուծել սայլակն, ըստ անհրաժեշտության, անմիջապես տրամադրելու խնդիրը:
Նիստի ընթացքում ներկաների կողմից հնչել են նաև առաջարկներ կապված սայլակների վերանորոգման խնդրի հետ, ինչպես նաև էլեկտրական և մանկական սայլակների որակի վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ:
Օրակարգում ընդգրկված հաջորդ հարցը՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագիրը ներկայացրել է Հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը: Նա նշել է ծրագրի նպատակն ու ուղղությունները, հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության մատչելիության միջոցները և միջգերատեսչական համագործակցության արդյունքում ձեռք բերված արդյունքները:
Նիստի վերջում նախարար Արտեմ Ասատրյանը ծրագրի և նիստի ընթացքում բարձրացված խնդիրների վերաբերյալ գործընկեր կազմակերպություններին առաջարկել է հնգօրյա ժամկետում ներկայացնել առաջարկներ: