Մենք այսօր որդեգրել ենք կանխարգելիչ քաղաքականություն, և դա պետք է իրականացնենք հաշմանդամության սահմանման նոր մոդելի կիրառմամբ. Ա. Ասատրյան

0
96

ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 7-ին մասնակցել է «Մարդու իրավունքները և առողջապահությունը» խորագրով միջազգային համաժողովին:

Ողջունելով ներկաներին, նախարարը կարևորել է համաժողովի անցկացումը և նշել, որ առողջապահության ոլորտի ծառայությունների ու քաղաքացիների իրավունքների իրացման  տեսանկյունից Հայաստանը գտնվում է կարևոր հանգրվանում:

ՀՀ կառավարությունը և սոցիալական, առողջապահական ոլորտում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունները, նախարարի խոսքով, այսօր անում են առավելագույնը, որպեսզի առավել հասցեական և մատչելի դարձնեն ոլորտում մատուցվող ծառայությունները:

«Մենք այսօր որդեգրել ենք կանխարգելիչ քաղաքականություն, և դա պետք է իրականացնենք հաշմանդամության սահմանման նոր մոդելի՝  Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային դասակարգչի ներդրմամբ: Մենք պետք է իրականացնենք կարիքների բազմակողմանի գնահատում և դրան համապատասխան ծառայություններ մատուցենք, այսինքն՝ ոչ թե քաղաքացուն հաշմանդամ պետք է ճանաչենք, հետո մատուցենք ծառայություններ, այլ կանխարգելենք  այն»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ  առաջիկայում անհրաժեշտ իրավական հիմքերը մշակելուց հետո կիրականացվի փորձնական ծրագիր, որի շրջանակներում,  գործող կարգին,  զուգահեռ հաշմանդամություն սահմանող հանձնաժողովները կարիքների գնահատման հիման վրա կիրականացնեն վերականգնողական, անհատական ծառայությունների տրամադրման ծրագիր, որտեղ նշված կլինի, թե ինչի կարիք ունի տվյալ անձը, և ինչ ծառայություններ են անհրաժեշտ նրան:

Անդրադառնալով հոգեկան խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող խնամքին՝ նախարար Արտեմ Ասատրյանը  նշել է, որ այդ ոլորտում նոր մոդելներ են ներդրվում. «Դրանք ներդրված խնամքի փոքր տների մոդելներն են, որոնք գործում են խնամքի մեծ  հաստատությունների փոխարեն:  Ներկայումս փորձնական ծրագիրն իրականացվում  է Սպիտակ քաղաքում,   և դրական արդյունքներն արդեն նկատելի են: Ընդհանրապես, նմանատիպ ծառայություններն առավել հասցեական են և Սպիտակի տան մոդելն ամբողջ աշխարհում ընդունված մոդել է»,-եզրափակել է նախարար Արտեմ Ասատրյանը:

Համաժողովին մասնակցում էր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը,  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը,  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, հասարակական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: