Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հակոբ Հակոբյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված ֆինանսական ցուցանիշները:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ 2017 թվականին սոցիալական ոլորտի պաշտպանության ծախսերի համար նախատեսվել է հատկացնել 409 մլրդ դրամ, որը կազմում է պետական բյուջեի ավելի քան 30%-ը:
Այնուհետև, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ապահովության պետական ծառայության միջոցով իրականացվող ծախսային ծրագրերը:
2017թ. պետական բյուջեի նախագծի Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսվել են շուրջ 408.88 միլիարդ դրամ, որը կազմում է բյուջեի ընդհանուր ծախսերի 30.06%-ը (2016թ.` 405.08 միլիարդ դրամ` ընդհանուր ծախսերի 29.24%-ը), կամ 2016թ. բյուջեի նկատմամբ ավելացել է 3.8 միլիարդ դրամով:
«Ավելացումները հիմնականում պայմանավորված են ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի, զինծառայողների ընտանիքներին տրվող պարգևավճարների, կուտակային կենսաթոշակային վճարների, Համաշխարհային բանկի աջակցությամբ սոցիալական պաշտպանության ոլորտի վարչարարության երկրորդ ծրագրի ավելացման և որպես նոր նախաձեռնություն աուտիզմ ունեցող դեռահասներին և երիտասարդներին զբաղվածության և սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրում ցերեկային կենտրոնում ծրագրի ավելացման հանգամանքներով»,-նշել է նախարարը:
Սոցիալական պաշատպանության ոլորտում իրականացվող քաղաքականության առումով նախարարը ներկայացրել է 2017թ. իրականացվելիք ոլորտային հիմնական ծրագրերը՝ դրանք շաղկապելով Կառավարության ծրագրի հետ:
«Ներկայացնեմ կառավարության ծրագրում ընդգրկված կետերն ըստ ուղղությունների` 2017 թվականից սոցիալ-ժողովրդագրական վիճակի, այդ թվում զբաղվածության բարելավմանն ուղղված նոր ծրագրերի ներդրում:
Այսօր շատ են հնչում այն հարցադրումները, թե արդյոք Կառավարությունն ունի ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ռազմավարություն կամ ծրագրեր, նշեմ, որ դեռ անցյալ տարվանից բարձր որակավորում ունեցող ժողովրդագիրների կողմից մի շարք հետազոտություններ են իրականացվել, որպեսզի հասկանալի լինի ժողովրդագրության իրական պատկերը: Պետք է նշեմ, որ այսօր ունենք ծրագրի նախագիծ, որը Կառավարությունում հաստատումից հետո կյանքի կկոչվի: Հարկ եմ համարում այդ ծրագրի մի քանի ուղղություններ նշել՝ Երեխա ունցող մինչև 24 տարեկան գործազուրկ կանանց բարձրագույն մասնագիտական կրթությանը նախապատրաստող աջակցության ծրագիր, Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման ծրագիր, Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց մինչև երեխայի 2 տարեկան դառնալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքը աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագիր և Բնակարանի կարիք ունեցող առանձին խումբ անձանց բնակարանով ապահովման աջացկության ծրագիր:
Այս բոլոր ուղղություններով մենք չունենք պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորում, սակայն այն միջոցները, որոնք հատկացված են սոցիալական պաշտպանության ոլորտին և, որի ներքո իրականացվելու են 2017թ. ծրագրերը, այդ միջոցների շրջանակներում սկսելու ենք իրականացնել վերը թվարկածս ծրագրերը»,-նշել է նախարար Արտեմ Ասատրյանը:
Անդրադառնալով զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերին, մասնավորապես վերջին շրջանում չդադարող այն հարցապնդմանը, թե որքանով է նպատակահարմար նպաստների քաղաքականության վերափոխումը զբաղվածության ակտիվ ծրագրերի, նախարարն ընդգծել է. «Մենք յուրաքանչյուր տարվա բյուջեի հետ միասին ներկայացնում ենք զբաղվածության ծրագրերի մոնիթորինգի արդյունքները, որոնք ամբողջական պատկերացումներ են տալիս ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության մասին:
«Այս համատեքստում ուզում եմ անդրադառնալ վերջերս քննարկվող մի հարցի՝ արդյոք արդյունավետ է գործատուի մոտ գործազուրկների մասնագիտական ուսուցման ծրագիրը կամ որքան մարդ է արդյունքում տեղավորվում աշխատանքի: 2015թ. տվյալներով 969 անձ ընդգրկվել է ուսուցման ծրագրում և ծրագրով կայուն զբաղվածության գործակիցը նախատեսված է եղել 17.4: Փաստացի ունենք 87.2 գործակից, ինչը նշանակում է, որ ծրագրում ընդգրկված շուրջ 1000 անձից 870-ը հետագայում աշխատանք են գտել:
Անցնելով կառավարության ծրագրի հաջորդ ուղղությանը, այն է՝ մինչև 2016 թվականի ավարտը բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության մեջ սոցիալական աստիճանականությունը ապահովող մոտեցումների ներդրում, նախարարը նշել է. «Այս ուղղությամբ աշխատանքներ արդեն իրականացվում են, կան որոշակի վերլուծություններ: Սա պետք է իրականացվի, որպեսզի սոցիալապես անապահով ընտանիքները կարողանան գազի և էլեկտրաէներգիայի սակագնի մասով ունենան ծախսերի նվազեցում, քանի որ դրանք կենսական կարևորություն ունեցող ծառայություններ են»:
Կառավարության ծրագրում ընդգրկված ևս մեկ կետ է՝ անապահովության գնահատման մոտեցումների ու մեթոդաբանության արմատական վերանայում՝ հիմք ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովում և պետական սոցիալական հոգածության ծրագրերը բացառապես բնակչության անաշխատունակ շերտերին (երեխաներին, միայնակ տարեցներին և այլ խմբերին) ուղղելու սկզբունքային մոտեցումը: «Ներկայումս քննարկում ենք սոցիալապես անապահով ընտանիք եզրույթը, գիտեք, որ կա անապահաովության գնահատման համակարգ, որն ունի անապահովության գնահատման գործիքակազմ, այս համակարգում այսօր 30.01 միավորն է հիմնականը, որը համապատասխան իրավունքներ է տալիս անապահով ընտանիքներին: Մենք նախատեսում ենք այս մեթոդաբանության և մոտեցումների վերանայում:
Այս առուոմվ առաջիկայում կառավարություն կներկայացնենք մեթոդաբանության փոփոխության հետ կապված մեր առաջարկությունները, որպեսզի կարողանանաք համակարգը դարձնել ավելի ընդգրկուն և համապատասխան մեր քաղաքացիների կարիքներին:
Փորձելու ենք համակարգում ընդգրկված անձանց մատուցել ծառայություններ գնահատված կարիքի հիման վրա և, ոչ բացառապես, միավորներով պայմանավորված»,- հայտարարել է նախարարը:
Մյուս ուղղությունը սոցիալական պաշտպանության ոլորտում էլեկտրոնային ծառայությունների ընդլայնումն է: 2017 թվականի հունվարից երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարում առցանց դիմումների հիման վրա, անկախ բնակության վայրից, ցանկացած տարածքային կենտրոնից կենսաթոշակների և նպաստների վճարման համար դիմումների ներկայացում:
Այս ուղղության հետ կապված նախարարը նշել է, որ առաջիկայում կներդրվի համակարգ, որը առցանց դիմումի միջոցով 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարման հնարավորություն կտա, ինչը նշանակում է , որ քաղաքացին առանց տարածքային կենտրոն այցելելու առցանց դիմում կներկայացնի և գումարը կփոխանցվի իր հաշվեհամարին, այսինքն քաղաքացին որևէ կերպ չի առնչվելու որևէ պաշտոնյայի հետ: Հետագայում կավելացվեն նաև մյուս ուղղությունները:
Իսկ 2017թ. կենսաթոշակառուները կարող են դիմել ցանկացած տարածքային մարմին կենսաթոշակի նշանակման, վերահաշվարկման և այլ հարցերով:
Կառավարության ծրագրի հաջորդ ուղղությունը 2017 թվականի ընթացքում երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների վերափոխումն է ընտանիքի և երեխայի աջակցության կենտրոնների՝ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը լիարժեք իրացնելու նպատակով:
Նախարարը նշել է, որ առաջին փորձնական ծրագիրն արդեն իրականացվել է, Երևանի թիվ 2 գիշերօթիկ խնամքի հաստատությունը վերափոխվել է ընտանիքի և երեխայի աջակցության կենտրոնի: Այս փորձնական ծրագրի ներքո, բոլոր ընթացակարգերը հստակցվել են,ճանապարհային քարտեզը մշակվում է և շուտով կհաստատվի: Առաջիկայում կսկսվեն նաև մյուս շուրջօրյա խնամքի հաստատությունների վերափոխման աշխատանքները: Այս քաղաքականության նպատակը մեկն է՝ պետք է աջակցել այն ընտանիքներին, ովքեր սոցիալական պատճառներից ելնելով չեն կարողանում իրենց երեխաների խնամքը կազմակերպել ընտանիքում:
«Աջակցելով ընտանիքներին և գործընկեր կառույցների փոխահամագործակցված աշխատանքների արդյունքում երեխաներին պետք է պահենք ընտանիքներում և համապատասխան խնամքը տրամադրենք միայն ցերեկային ժամերին: Այս ուղղությամբ կարիքների գնահատում է իրականացվում ՄԱԿ մանկական հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ, ինչպես նաև մեր մյուս գործընկերների ներգրավմամբ: Մենք օգտագործելու ենք բոլորի հնարավորություններն ու ռեսուրսները առավել լիարժեք կարիքները գնահատելու համար, զարգացնելով այլընտրանքային խնամքի ծառայությունները՝ խնամատարի ինստիտուտը, խնամակալը, որդեգրող ընտանիքը»,-ասել է նախարարը:
Կառավարության մյուս կետը՝ 2017 թվականից սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի և ծառայությունների սկիզբ՝ պատվիրակման միջոցով իրականացման համար անհրաժեշտ հնարավորությունների ստեղծումն ու երեք տարիների ընթացքում մրցակցային սկզբունքով դրանց իրականացումն է:
Արտեմ Ասատրյանը այս ուղղության հետ կապված նշել է, որ համագործակցությունը ոչ պետական կառույցների հետ հնարավորություն է տալիս պետական բյուջեով հատկացված 1 դրամին ավելացնել ոչ պետական հատվածի 1 դրամը և դրանով ապահովել իրականացվող ծրագրերի առավելագույն արդյունք: «2017 թվականից այս գործընթացը ավելի կակտիվացնենք»,-ասել է նախարարը:
Հաջորդ ուղղությունը 2017 թվականից հաշմանդամության սահմանման նոր մոդելի փորձնական կիրառում և հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի իրականացում՝ գնահատված կարիքներին համապատասխան:
«Արդեն 2-3 տարի է այս ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի Առողջապահության համաշխարհային ֆունկցիաների դասակարգման ներքո իրականանցնենք հաշմանդամության սահմանման նոր մոդել: Այս մոդելն ունի հետևյալ տրամաբանությունը՝ գնահատված կարիք և գնահատված կարիքի վրա անհատական ծրագիր: Անկախ այն հանգամանքից՝ անձը հաշմանդամ ճանաչվել է թե ոչ, պետք է լինի այդ անձի վերականգնողական անհատական ծրագիրը, որն իր մեջ կներառի տվյալ անձի գնահատված կարիքի վրա համապատասխան ծառայության մատուցում, այսինքն՝ կանխարգելելու հաշմանդամությունը և ոչ թե հաշմանդամ ճանաչելուց հետո միայն սկսել իրականացնել վերականգնողական անհատական ծրագրեր: Վստահ եմ, որ նոր մոդելի ներդրմամբ ոլորտում առկա դժգոհությունների քանակը կնվազի և կհնչեն խնդիրների հստակ լուծումներ»,-ընդգծել է Արտեմ Ասատրյանը:
Կառավարության վերջին ուղղությունը՝ 3 տարվա ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի և ծառայությունների մշտադիտարկման և էլեկտրոնային համակարգի ներդրումն է: «Մենք արդեն 2 տարի է ինչ իրականացնում ենք ոլորտում մշտադիտարկման և գնահատման համակարգի ներդրման աշխատանքներ: Պետական բյուջեով իրականացվող բոլոր ծրագրերի համար կա մշակված մեթոդաբանություն, անձնագրեր, ցուցանիշներ, որոնց միջոցով գնահատվում է յուրաքանչյուր ծրագրի որակական մասը: Փորձնական ծրագրեր իրականացվել են այս ուղղությամբ և նախատեսում ենք սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերի համար ներդնել այս համակարգը և 3 տարվա ընթացքում համակարգի միջոցով գնահատենք յուրաքանչյուր ծրագրի ծախսարդյունավետությունը», – իր ելույթը եզրափակել է նախարար Արտեմ Ասատրյանը: