«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության 2006թ. աշխատանքները հանրությանը ներկայացրեց գործակալության պետ Սոնա Հարությունյանը` հունվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում

0
463

Ներկայացվեց 2006թ. հունվարից գործողության մեջ մտած «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» օրենքը, որն էական դերակատարում ունեցավ զբաղվածության ոլորտի բարեփոխումների իրականացման գործում: Օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների արդյունքում որակական և քանակական փոփոխություններ կրեց աշխատաշուկայի կառուցվածքը: Առանձնացվեցին աշխատաշուկայում անմրցունակ, լրացուցիչ աջակցության կարիք ունեցող 7 խմբեր: Տարեսկզբի համեմատ կրճատվեց հաշվառված աշխատանք փնտրողների թվաքանակի մեջ գործազուրկների բացարձակ թիվը, էապես փոփոխվեց գործազրկության կառուցվածքը, հաշվառման մեջ մնացին հիմնականում ակտիվ աշխատանք փնտրողները: Դրա վկայությունն է գործազուրկ երիտասարդների թվի ավելացումը (տարեսկզբի համեմատ ավելացել է 26.3%-ով) և ծրագրերում ընդգրկվածների թվաքանակի մեծացումը. նախորդ տարվա 32%-ի փոխարեն, այս տարի զբաղվածության ծրագրերում ընդգրկվել է աշխատանք փնտրողների շուրջ 37%-ը:
Նոր ներդրված 4 ծրագրերը հանգեցրին զբաղվածության պետական ծառայության գործունեության նկատմամբ հետաքրքրության և վստահության աճի: Արդյունքում` այս տարվա զբաղվ?ծության պետական ծրագրերի կատարման մակարդակը համեմատաբար բարձրացավ. նախորդ տարվա 71.6%-ի փոխարեն ծախսային մասով զբաղվածության պետական ծրագիրն իրականացվել է շուրջ 95,4%-ով (ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող ծրագրերի մասով 99,7%-ով, ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի մասով 90,7%-ով):
Աշխատաշուկայի պատկերը. 2007թ. հունվարի մեկի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված է  102.172 աշխատանք փնտրող քաղաքացի,  որից գործազուրկ է 84. 571-ը: Տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 8268 մարդ, ժամանակավոր աշխատանքով ապահովվել է շուրջ 10250-ը: Հանրապետությունում դեկտեմբերի 31-ի  դրությամբ գործազրկության մակարդակը կազմել է 7.2% է, տարեսկզբի 7.7%-ի փոխարեն:
Տարվա ընթացքում զգալի աշխատանք կատարվեց նոր օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի ստեղծման ուղղությամբ: Մինչև նոյեմբեր ամիսը արդեն մշակված  և հաստատված էին  գործակալության կանոնադրությունը և 8 կարգեր,  որոնց արդյունքում հնարավոր դարձան կառուցվածքային բարեփոխումները և Զբաղվածության պետական ծրագրերի իրականացումը: Բացի այդ 14.12.2006թ.-ին ընդունվել է ՀՀ կառավարության որոշում` «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին:
Բարեփոխումների շրջանակներում խնդիր էր դրվել  փոփոխել գործակալության կառուցվածքը, հզորացնել մարզերի զբաղվածության կենտրոնների` որպես մարզերի համամասնական զարգացմանը նպաստող կառույցների, կառավարման կարողությունները: Կառուցվածքային փոփոխությունները, նաև նրանց  վերապահված նոր գործառույթներն  ամրագրված են  նոր կանոնադրությամբ և քաղաքացիական ծառայողի պաշտոնի անձնագրերով:
Զբաղվածության ծրագրերը. Տարեսկզբից գործազրկության նպաստի ստացման իրավունք է ձեռք բերել շուրջ 12500 գործազուրկ` նախորդ տարվա 8645-ի փոխարեն: Թաղման նպաստ է տրամադրվել 35 գործազուրկի ընտանիքի:
Զգալիորեն բարելավվել են աշխատաշուկայի հավասարակշռությանն ու ճկունությանն ուղղված «Մասնագիտական ուսուցում» ծրագրի կազմակերպման և  իրականացման պայմանները: Աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան շուրջ 61 մասնագիտությունների գծով պարբերական մրցույթի հայտ է ներկայացվել գնումների գործակալություն:
Արդյունքում` 2006թ.-ին 25 մասնագիտությունների գծով ուսուցման ծրագրերում ընդգրկվել են 948 գործազուրկ, 4 երկարամյա ծառայության կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող  և 98 հաշմանդամ: Շուրջ 100 անձ ուսուցումն ավարտելուց անմիջապես հետո տեղավորվել է աշխատանքի:  Այս պահին ուսուցումը շարունակում է շուրջ 670 անձ:
2005թ. ուսուցում անցածներից 2006թ.-ի ընթացքում աշխատանքի է տեղավորվել շուրջ 70 %-ը:
Պետական ծրագրերից բացի տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող ուսուցման ծրագրերում ընդգրկվել են 150 աշխատանք փնտրողներ:
ՄԱԿ-ի «Համաշխարհային պարենի ծրագրի» «Սնունդ ուսուցման դիմաց» ծրագրում ընդգրկվել է թվով 1300 աշխատանք փնտրող:
Նոր ներդրված` «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման՚, «Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման»և «Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին ֆինանսական աջակցություն տրամադրելու» ծրագրերում 2006թ. նոյեմբերից սկսած ընդգրկվել է 59 անձ:
«Վարձատրվող հասարակական աշխատանքներ՚-ի կազմակերպում ծրագրով  նախորդ տարվա համեմատ ավելացել է գյուղական համայնքների ընդգրկվածությունը (319-ի փոխարեն 330): Իրականացվել է 504 ծրագիր` 418421 մարդ/օր ծավալով: Ծրագրում ընդգրկված անձանց թիվը կազմում է 10254:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Գեղարքունիքի մարզում «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում»ծրագրերի շրջանակներում իրականացվել է ծառատունկ` շուրջ 90 աշխատանք փնտրողի ընդգրկմամբ: Ծրագրի շրջանակներում տնկվել է 200000 տնկի:
Գյուղական բնակչության զբաղվածության սահմանումը շարունակում է մնալ ոլորտի չլուծված խնդիրների շարքում: Այդ նպատակով իրականացման փուլում է «Գյուղական վայրերի աշխատաշուկայի ուսումնասիրություն» հետազոտական աշխատանքը:
Զբաղվածության ծրագրերի արդյունավետության բարձրացմանը   նպաստել է նաև «Գործ» տեղեկատվական համակարգի ներդրման ճանապարհով աշխատանք փնտրողների և գործատուների տեղեկատվական բազաների ստեղծումը: Բազա են մուտքագրվել 154219 աշխատանք փնտրողի և 13296 գործատուի տվյալներ, որոնք պարբերաբար համադրվում են  տարբեր տեղեկատվական բազաների տվյալների հետ` հնարավոր խախտումները  բացառելու   նպատակով:  Արդյունքում` սխալ տեղեկություններ ներկայացրած քաղաքացիներից  ետ է գանձվել 2.24 մլն դրամ գումար:
Միջազգային համագործակցությունը. Պետական ծրագրերից բացի զբաղվածության ոլորտի բարեփոխումներին նպաստում են նաև միջազգային ծրագրերը: Միջազգային ծրագրերի շրջանակներում իրականացվում է աշխատակազմի վերապատրաստման շարունակական գործընթացը:
Այս պահին ոլորտում իրականացվում են Համաշխարհային բանկի «Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարում» ծրագրի «Աշխատանք և զբաղվածություն» բաղադրիչը, հայ-շվեդա-լիտվական «Աջակցություն Հայաստանի իշխանություններին` բարելավելու աշխատաշուկայի ակտիվ քաղաքականությունը» ծրագիրը:
Ավարտին է մոտենում Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի «Դպրոցական աշխատակազմի օպտիմալացման և սոցիալական աջակցության» ենթածրագիրը, որի շրջանակներում 2006թ.-ին թվով 518 ուսուցիչ օգտվել են մասնագիտական ուսուցման ծրագրերից, տեղափոխման դրամաշնորհի տրամադրման ենթածրագրից օգտվել է 65 ուսուցիչ, լրացուցիչ դրամական օգնություն է ստացել 916, հոգեբանական աջակցություն է ստացել 28 ուսուցիչ:
Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման արդյունքում շուրջ 1705 ուսուցիչ տեղավորվել է աշխատանքի, տարբեր ենթածրագրերից օգտվել է 1527 ուսուցիչ: Բացի ձեռք բերվածից, փոփոխություններ են կատարվել ծրագրի իրականացման ձեռնարկում և կարգերում, որոնց համաձայն  այն կշարունակվի նաև 2007թ. առաջին կիսամյակում:  Այդպիսով, տարածքային կենտրոններում հաշվառված ծրագրից չօգտված շուրջ 1600 աշխատանքը կորցրած ուսուցիչներին ևս հնարավորություն կընձեռվի ընդգրկվելու ծրագրի որևէ ենթաբաղադրիչում: