Աշխատողների և գործատուների միջև աշխատանքային հարաբերությունների ճիշտ կազմակերպման, փոխադարձ իրավունքների և պարտականությունների իրացման, նաև իրավախախտումներից խուսափելու կարևոր նախապայմանը աշխատանքային օրենսդրության իմացությունն է: Սակայն լինելով ծավալուն և ընդգրկուն` այն հաճախակի հարցադրումների առիթ է ստեղծում:
Աշխատանքային օրենսդրությունը և դրանով կարգավորվող հարաբերությունները հանրության համար մատչելի դարձնելու նպատակով` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը մշակել և հրապարակել է «Աշխատանքային օրենսդրություն. 100 հարց և պատասխան» ուսումնատեղեկատվական ձեռնարկը, որում ներկայացվում են աշխատանքային գործունեության ընթացքում հաճախ հանդիպող դեպքերի իրավական լուծումները և հիմքերը: Աշխատանքային օրենսդրության 100 հարցերի մեջ ներառված են աշխատանքային իրավունքների պաշտպանության, աշխատանքային պայմանագրերի կնքման, կատարման և լուծման, աշխատանքային գրքույկի վարման, աշխատողների անձնական տվյալների պաշտպանության, աշխատաժամանակի, աշխատավարձի և կարևոր այլ հարցերի շուրջ պարզաբանումներ:
Ձեռնարկը հնարավորություն կտա շահագրգիռ անձանց, առանց երկարատև պրպտումների, գտնել աշխատանքային հարաբերություններին վերաբերող շատ հարցերի պատասխաններ ու դրանց իրավական հիմքերը:
Լինելով տեղեկացված` որպես աշխատող, կարող եք պաշտպանել Ձեր իրավունքները, որպես գործատու` վարել օրինական գործունեություն:
Ձեռնարկը կարելի է ձեռք բերել ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտից` Կ.Ուլնեցի 68 հասցեով, հեռ.` 24 75 82, 24 75 22: